Հիմա պաշտոնյա է նա, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր «փայը» վերցնում, վերևների «փայը» տալիս վերևներին. Փաշինյան

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք փոխվել է պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին 10 ամիսների ընթացքում: «Այս հարցի պատասխանին անդրադառնալիս պետք է արձանագրել, որ պետական պաշտոնեությունն այսօր միատարր չէ, բազմազան է առավել, քան երբևէ: Այսօր պետական պաշտոնյա է և՛ ակտիվիստը, ով երկու կամ տաս տարի առաջ պայքարում էր իշխող կլանի դեմ, և՛ չինովնիկն ու ոստիկանը, ով հալածում էր իշխանության դեմ պայքարող ակտիվիստին: Հիմա պաշտոնյա է նաև նա, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր «փայը» վերցնում, վերևների «փայը» տալիս վերևներին, և պրոֆեսիոնալն է այսօր պաշտոնյա, ով բացարձակ անտարբեր է եղել քաղաքական նրբությունների նկատմամբ, և առանց զգացումների կատարել է իր աշխատանքը և դրա համար պահանջել միայն վարձատրություն: Ուրեմն, այսօր մենք ունենք մի վիճակ, երբ պետական պաշտոնյաների 10 տոկոսը նորերն են, 90 տոկոսը՝ հները:

Սա այսպես է, որովհետև 2018 թվականի հեղափոխության հարթակից խոստացել եմ՝ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունենալու և չի ունեցել: Այսպես է նաև այն պատճառով, որ կառավարությունը խնդիր է ունեցել և ունի ապահովել կառավարման համակարգի կայունությունը, այսպես է նաև այն պատճառով, որ մենք չենք ցանկանում քարուքանդ անել պետական կառավարման համակարգը և լցնել ու լցոնել մերոնցականներով: Չենք ուզում մարդկանց բաժանել հների և նորերի: Կարծում ենք՝ յուրաքանչյուր հին պետք է նորանալու հնարավորություն ունենա, եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ, և ցանկացած նոր կարող է հնանալ, եթե երկրում չեն գործում հակակշիռների իրական մեխանիզմներ»,- ասաց նա:

 

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հիմա պաշտոնյա է նա, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր «փայը» վերցնում, վերևների «փայը» տալիս վերևներին. Փաշինյան”

Մեկնաբանել