Կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 հազար դրամ է. Նիկոլ Փաշինյան

Feb 12, 2019 Comments Off on Կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 հազար դրամ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշեց, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը դիմեց Հայաստանի վարչապետին՝ նշելով, որ ժողովրդի ցասումը նախորդ համակարգի նկատմամբ պայմանավորված էր ցանկությամբ, որ վատը, բացասականը կորչի, լավ կյանքը գա:

«Միկրոբիզնեսին հարկերից ազատելու նախաձեռնությունը հիանալի է, սակայն կան մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, հրշեջներ, ոստիկաններ, զինվորականներ, թոշակառուներ, որոնք չեն կարող և չեն ուզում բիզնեսով զբաղվել: 44 տարվա ստաժով մանկավարժն ապրում է 40 հազար դրամով, նա չի կարող սպասել, որ քաղաքացիները ստիպեն ՀԴՄ կտրոններ տրամադրել: Մարդիկ կան, ովքեր նույնիսկ աշխատում են, բայց աղքատության շեմին են»,- ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նպաստների մասով ասել է արդեն, որ 2019 թ.-ից 85 000 մարդու նպաստ ավելացրել են, նաև տեղեկացրեց՝ 220 հազար մարդու աշխատավարձ ևս ավելացրել են: «Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել:

«Պետպատվերով բուժսպասարկման շահառուների թիվն ավելացել է 250 հազարով: Չարորակ ուռուցքներն անվճար կվիրահատվեն: Ես խոսեցի զինվորականներին տրված սոցիալական երաշխիքների մասին, նրանց առնվազն մի մասի բնակարանային խնդիրների լուծման մասին, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին, որի շրջանակներում այս տարի հունվարին նախորդ հունվարի նկատմամբ 141 տոկոսով ավելի հիփոթեքային վարկ է տրամադրվել: Առողջապահական համակարգում աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, և մենք այս պրոցեսը շարունակելու ենք»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ խորքային համակարգային խնդիրներ կան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: