Սասունի տիտղոսը մենակ Վազգենի եղբայր լինելը չէ

Feb 14, 2019 Չի մեկնաբանվել

Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաեւ Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:ԵԿՄ լրավական ծառայությունից հայտնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաեւ բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Մենզ զրուցեցինք ԵԿՄ փոխնախագահներից Համլետ Հայրապետյանի հետ:

-Ամիսներ առաջ դուք այն ԵԿՄ-ականների շարքում էիք, որ պնդում էին, թե ստեղծված իրավիճակից միայն սպատապետի եղբայր Արամ Սարգսյանը կարող է դուրս բերել կառույցը: Ամիսներ հետո, փաստորեն, հաղթեց իշխանության տեսակետը եւ Նիկոլ Փաշինյանի կամքը ու Սասուն Միքայելյանը կդառնա կառույցի ղեկավար: Ինչպես կբացատրեք, ինչու ԵԿՄ-ում մտքափոխվեցին:

-Համաձայն չեմ, թե կատարվեց Նիկոլ Փաշինյանի կամքը, իմ խորին համոզմամբ որեւիցե կապ չկա Սասուն Միքայելյանի թեկնածության առաջադրման հետ: Այո, ես ինքս էլ պնդում էի Արամ Սարգսյանի թեկնածությունը՝ ելնելով որոշակի հանգամանքներից, հիմա նորից չեմ ուզում կրկնեմ: Հիմա իրավիճակ է փոխվել,ամեն ինչ պետք է գնահատել տեղի եւ ժամանակի մեջ: Անցան խորհրդարանական եւ ավագանու ընտրությունները, դժբախտաբար Արամ Սարգսյանը եւ իր թիմը հաջողության չհասան: Հիմա մեզ կապում են իշխանության հետ, ասում, որ երկրապահը իշխանական է եւ այլն, բայց մենք պետականամետ կառույց եղել ենք ու կմնանք, հետեւաբար ինչպես կարելի էր լինել պետականամետ՝ հաշվի չառնելով, թե ովքեր են պետության ղեկին, ով է մեր գերագույն գլխավոր հրամանատարը:Եկեք չթաքցնենք, ես չեմ ուզում լոլո կարդամ…Իսկ մեր դահլիճն այսօր էնքան գեղեցիկ էր, մի հարկի տակ էին հավաքվել հերոսական տղաները, որոնք ինչ որ ժամանակ նեղացել էին, գնացել ԵԿՄ-ից, բոլորը մեկտեղվել էին ու հիշեցնում էր 90-ական թվականները: Սասունի առկայության դեպքում կարծում եմ կհառնի էն երկրապահը, որը սպարապետն էր ստեղծել:

-Եթե Արամ Սարգսյանը լիներ Փաշինյանի թիմում, կարող էր նաեւ ինքը լիներ ԵԿՄ ղեկավար:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կարծում եմ ավելի շատ դեր է խաղացել Սասուն Միքայելյան հրամանատար, կռված տղա հանգամանքը: Մենք բոլորս էլ Վազգենի եղբայրն ենք, բայց այստեղ կարեւոր է նաեւ, որ կռված տղա լինի: Սասունի տիտղոսը մենակ մեկը չէ, որ Վազգենի եղբայրն է, որպես լեգենդար հրամանատար, լեգենդար, բոլոր կողմերից ընդունված մարդ:

-Լեգենդար հրամանատարն էր, որ ամիսներ առաջ հեղափոխության հաղթանակը ավելի արժեվորեց արցախյան ազատամարտից, արդյունքում Լեւոն Մնացականյանին զրկեցին պաշտոնից՝ այդ հայտարարությանը հակազդելու համար:

-Ես չեմ ուզում անդրադառնալ անցյալին, այսօր այսօր է, երեկ՝ երեկ: Եթե ինձ ամիսներ առաջ հարցնեիք այդ հայտարարության մասին, ես իմ կարծիքը կասեի, պետք չէ անընդհատ քննարկման առարկա դարձնել անցյալը, այդ դեպքում մենք երբեք լավ բանի չենք հասնի: Էսօր փաստն այն էր, որ մթնոլորտը շատ հաճելի էր, բոլորն իրար հետ ողջագուրվում էին, հայրական օջախ վերադարձի սկիզբն է դրված ի շնորհիվ Սասուն Միքայելյանի:

-Սասուն Միքայելյանի մասին հեղափոխությունից ամիսներ հետո մամուլը գրում է, որ Հհրազդանում հավակնում է դառնալ Սաշիկ-2, կարող եք պնդել, որ տարիներ հետո ԵԿՄ-ում մի նոր մանվելգրիգորյան չի աճելու:

-Ես խնդրում եմ որեւիցե համեմատության մեջ չդնել Սասուն Միքայելյան, Սաշիկ, Մանվել Գրիգորյան, ամեն մեկն իրենց տեղում ապրել են, գործել , ժղովուրդն էլ իր գնահատականն է տվել: Ախր էնքան հեշտ է նման բաներ ասելը, բայց ապացուցելն է դժվար: Մեր խնդիրն է հիմա միասնական լինել, ես-ը դարձնել մենք, որ կարողանանք դիմակայել պատերազմին: -Սասուն Միքայելյանը խոսեց իշխանությունների՝ Արցախի հետ կապված դիրքորոշման մասին, շատ է խոսվում, որ այս իշխանությունը եկել է հող հանձնելու: Այս մտահոգությունները փարատել եք նիստում: -Այո, մեր վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարել է, հիմա ինչի մասին են էս խոսակցությունները:Չի կարելի, հենց այնպես, արյունով գրաված հողը հետ չեն տալիս:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Անդրադարձներ չկան to “Սասունի տիտղոսը մենակ Վազգենի եղբայր լինելը չէ”

Մեկնաբանել