Կրճատելու չեմպիոն են

Feb 14, 2019 Չի մեկնաբանվել

Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: Կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝  կրճատումների գործընթացը նախաձեռնվել է հոկտեմբեր ամսից, այսինքն՝ ընտրություններից առաջ․  «Մենք ներգրավել ենք խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից,  ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո,  հերթը կհասնի մարզպետարաններին: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- օպտիմալացման մեխանիկան պատկերավոր ներկայացրել է  Պապիկյանը:

Ինչ վերաբերում  է պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:

Ընդհանուր տպավորություն կա,  թե կրճատումները հետհեղափոխական Հայաստանի ամենահեղափոխան գործընթացն են։ Կրճատումների սիրահար կառավարությունը մեկ նախարարությունների թիվն է կրճատում` աշխատողներին ուղարկելով տուն, մեկ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ներն է փակում՝ աշխատողներին   գործազուկ դարձնում, մեկ էլ որոշում է թափ տալ մարզպետարնները։ Փաստորեն, կառավարությունում երկար ծանրութեթև անելուց  հետո եկել են այն եզրակացության, որ մարզպետարաններում աշխատողների 30 տոկոսը պարապ են։ Հենց դրա համար էլ որոշել են  վատ աշխատողներին կրճատել։ Եթե մարդ կրաճատելու միջազգային մրցաշար լիներ, մեր իշխանություններն, հաստատ, չեմպիոն կդառնային։ Բայց մեծագույն խնդիրն այն է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը  ոչ թե մարդկանց կրճատելը պետք է լինի, այլ նրանց աշխատանքով  ապահովելը։Կրճատում են, արդյունավետություն են ուզում բարձրացնել, թող անեն։ Բայց չէ որ կրճատվող մարդը,  մարզպետարանի աշխատող լինելուց զատ նաև ՀՀ հպարտ քաղաքացի է։ Այս մարդկանց մեծ մասը բանկերից վերցրած վարկեր ունի, մեծ մասի օրվա պարուստը կախված է  աշխատավարձից։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը այս կրճատվող մարդկանց։ Հավանաբար՝ անցնել նոր աշխատանքի։ Բայց ՀՀ-ում քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել։ Հստակ թիվ չկա։ Եթե կրճատվող և ստեղծվող աշխատատեղերի թվերը համադրվեին, թերևս հստակ կերևար, որ ավելի շատ փակում են, քան թե բացում։Փակվող աշխատատեղերը պատճառ են դառնում գործազրկության, հետևաբար նաև աղքատության աճի համար։ Իսկ աճող աղքատության պայմաններում տնտեսական հեղափոխության մասին խոսելը,  մեղմ ասած լուրջ չէ։

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կրճատելու չեմպիոն են”

Մեկնաբանել