Ինչ քննություն է սպասում Փաշինյանին հարևան երկրում

Feb 14, 2019 Չի մեկնաբանվել

Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի: «Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Դեռևս չեմ կարող օրակարգի հետ կապված որոշակի հարցեր բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- օրեր առաջ ասել էր գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հավելել էր, որ այցի մոտակա օրերին պատկան մարմինների կողմից օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի:

Երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր»:

Նիկոլ Փաշինյանի այցն Իրան բավական կարևոր քայլ է երկու երկրների հարաբերություններին իրապես նոր թափ հաղորդելու տեսանկյունից: Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա հարևան Իրան Փաշինյանի առաջին այցն է:

Այս փուլը որոշակի լռության փուլ էր, գուցե փոխադարձ՝ ճանաչողական, համբերատար սպասելու ու որոշումներ կայացնելու: Պաշտոնական Թեհրանն, ըստ ամենայնի, պաշտոնական Երևանից մի շարք հարցերի շուրջ ցանկանում է պարզաբանումներ լսել, հստակություն մտցնել հետագա փոխհարաբերություններում:

ՄԱԿ-ի կուլիսներում կայացավ Փաշինյան-Ռոհանի առաջին հանդիպումը, սակայն Փաշինյանի պաշտոնական այցը իրան պետք է այլ որակ հաղորդի հայ-իրանական հարաբերություններին:

Իրանը լրջորեն է վերաբերում գործընկերների հետ հարաբերություններին՝ առավելևս Հայաստանի հետ հարաբերություններին, դրանք բարեկամական, բարիդրացիական տրամադրություններ ունեցող պետության հետ հարաբերություններ են, որոնք պետք է ոչ միայն հարգել, այլև փորձել նախաձեռնող լինել ու համարձակ: Այլևս չպետք է լինեն ինքնահոսի թողնված հարաբերություններ:

Բացի այդ՝ տարածաշրջանային կայունությունը կարևոր է նաև Իրանի գործոնի շնորհիվ, իսկ ղարաբաղյան թեմայով քննարկումները վերջին ամիսներին կարող են լրացուցիչ մտահոգություններ առաջացրած լինել Թեհրանում: Այնպես որ, Թեհրանը ԼՂ հարցում, վստահորեն, Փաշինյանից կճշտի Ալիևի հետ հանդիպումների, շփումների մանրամասները:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչ քննություն է սպասում Փաշինյանին հարևան երկրում”

Մեկնաբանել