Առաջին ատյանի դատարանը բավարարել է Սասուն Խաչատրյանի դեմ բողոքը

Feb 11, 2019 Չի մեկնաբանվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը մինչդատավարական վարույթի շրջանակում բողոք է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ, որն առաջին ատյանի դատարանում բավարարվել է։

hraparak.am-ի հետ զրույցում Ալումյանն անդրադառնալով այդ բողոքին՝ ասաց․ «Սասուն Խաչատրյանն էլ մի շարք հայտարություններ էր արել, որով անմեղության կանխավարկածը խախտել էր։ Մենք  դիմեցինք, որպեսզի դա ճանաչվի մարդու իրավունքի խախտում։ Առաջին ատյանը բավարարեց, հիմա բողոքարկել է մյուս կողմը։ Մենք էլ, ճիշտ է, բողոքարկել ենք, քանի որ մի դետալ կար, որը մեր կարծիքով ճիշտ որոշում  չէր կայացրել»։

Պաշտպանն այլեւս այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Ալումյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խախտում է․ «Պարոն Խաչատրյանը կիրառում է նախ այնպիսի արտահայտություններ, որոնք կոպտորեն խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ինքը հաստատված ձևով է ասում, որ պարոն Քոչարյանը կատարել է այս կամ այն: Սա շատ վտանգավոր բան է` մեկ, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, երկու՝ որովհետև լսարանի մի զգալի մաս համարում է դա որպես արդեն վերջնականապես հաստատաված»։

Դրանից հետո Սասուն Խաչատրյանն անդրադառնալով հայտարարություններին, թե Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում  խախտել է անմեղության կանխավարկածը՝ ասել է. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում: Ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Առաջին ատյանի դատարանը բավարարել է Սասուն Խաչատրյանի դեմ բողոքը”

Մեկնաբանել