Ինչ գին ունի Նիկոլ Փաշինյանի «նվերը»

Feb 14, 2019 Չի մեկնաբանվել

Սիրայում հայ մասնագետների մարդասիրական գործունեության իրավապայմանագրային հիմքը մնում է անհայտ: Մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Մարդասիրական այս կամպանիայի իրականացման անհրաժեշտության մասին դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի հանրահավաքի ժամանակ:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի հայտարարությունը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո:Մասնավորապես նա նշել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրականացնելու Սիրիայում։ Ավելին՝ վարչապետը շեշտել էր․ «Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»։ Ըստ օրենքի` Հայաստանի զինված ուժերը կարող են իրականացնել ռազմական կամ խաղաղապահ առաքելություն` բացառապես միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես տարիներ շարունակ անում են Աֆղանստանում եւ Կոսովոյում: Այդ պայմանագրերը մշտապես վավերացվել են Հայաստանի խորհրդարանի կողմից: Մինչդեռ Սիրիայի դեպքում ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում, թե իրավապայմանագրային ինչ հիմքով են մեր զինվորները գործուղվել Սիրիա: Ազգային ժողովի պատկան հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն էլ անորոշ մեկնաբանություն է տվել այս հարցին.«Այս պահին մենք հիմք ենք ընդունում պաշտպանության նախարարության կողմից տարածած հայտարարությունները, որտեղ առայժմ, ես իրավական որևէ բարդույթ չեմ տեսնում։ Եթե կլինեն իրավական խնդիրներ, բնականաբար մեր և գուցե նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կուսումնասիրեն դրանց հիմքերը և եթե որևէ խոչընդոտ կա, դրա մասին կբարձրաձայնեն ու կառավարության հետ ճշտումներ կարվեն», – ասել է նա։ Բարդույթն այն է, որ խումբն արդեն մեկնել է Սիրիա, մինչդեռ ՀՀ օրենսդիրները չգիտեն՝ ինչ հիմքով, էլ չենք ասում, որ հենց նրանք պետք է թույլատրեին մեկնել, թե չմեկնել: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փորձել է ներկայացնել հիմքերը՝ շեշտելով, որ գրավոր խնդրանք են ստացել Սիրիայից․ «Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ տրամագծորեն հակառակն է ասել՝ նշելով, որ խնդրանը եղել է բանավոր:«Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»,- պայմանագրի մասին ասել է նա: Նիկոլ Փաշինյանի թիմում ստեղծված այս խառնաշփոթի մատասխանը իրականում մեկն է՝ ՀՀ վարչապետը օրենքը խախտել է, որպեսզի հաճոյանա Ռուսաստանի նախագահին, կամ արժանանա վերջինիս բարեհաճությանը: Իրականում հայ մասնագետների խումբը Սիրիա է մեկնել Ռուսաստանի կազմի ներքո: Ռուսաստանի՝ Սիրիայի նկատմամբ հետապնդող շահերը հայտնի են: Հենց այս համատեքստում է, որ խիստ կասկածելի է դառնում՝ մեր հումանիտար օգնությունից ինչ է շահելու մեր պետությունը եւ արդյոք շահելու է, թե իրականում կորցնելու՝ արժանանալով Արեւմուտքի նախատինքին եւ սանկցիաներին: Իսկ որ ամենակարեւորն է՝ ինչ եւ ով է պատասխան տալու, եթե հանկարծ այդ խմբի անդամներից որեւէ մեկին բան պատահի, ի վերջո ոչ պայմանագիր գոյություն ունի, ոչ էլ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ երաշխիքներ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչ գին ունի Նիկոլ Փաշինյանի «նվերը»”

Մեկնաբանել