Ծածուկ ու խորամանկ. հարված Արցախին

Feb 16, 2019 2 Comments

Ադրբեջանն ու Ռուսաստանը կոնկրետ գործողությունների են դիմում երկկողմ պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով, Բաքվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով երկու երկրների կառավարությունների քայլերը վկայում են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Ընթացիկ տարում արդեն մենք շահագործման կհանձնենք ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուր գետի վրա գտնվող կամուրջը, որը լավ հնարավորություններ կբացի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների և երկկողմ համագործակցության խորացման համար»,- նշել է Ալիևը:

Մոսկվայից՝ ռուս-ադրբեջանական ամուր հարաբերությունների մասին հավաստիացումներին զուգահեռ վերջին մի քանի օրերին հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ եղան ուշագրավ ու առատ հայտարարություններ:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշել է, թե երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. «Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»:

Անատոլի Սիդորովը հիշեցրել է նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին: Միաժամանակ նա անդրադարձել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն և փորձառու են: Նրանք ճիշտ որոշում կընդունեն»,- ասել է Սիդորովը`պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին վերաբերվող հայաստանյան տաղավարից հնչած հարցին: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հստակեցրել է`իր ղեկավարած ստորաբաժանումը աշխատանքային կառույց է, որը պատրաստ է կատարել ՀԱՊԿ ղեկավար մարմնի կայացրած ցանկացած որոշում:

Ուշագրավ մեկ այլ դիտարկում ևս: ՀԱՊԿ անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը մնում է օրակարգում, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, վստահեցրել է Սիդորովը: Նրա խոսքերով, ՀՕՊ-ի հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որը լուծվում է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգությունն ապահովելու համար. «Կովկասում ստեղծված միավորված ՀՕՊ համակարգերը ստեղծվել են երկկողմ համաձայնագրերի հիմքով, սակայն ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև, արևելաևրոպական տարածաշրջանում՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև, կենտրոնական տարածաշրջանում՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջև»: ՀԱՊԿ միավորված շտաբի պետը հավելել է, որ հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերն ընդլայնելու ուղղությամբ՝ այնտեղ ներգրավելով Տաջիկստանն ու Ղրղզստանը. «Իսկ որպես առաջիկա խնդիր համարվում է ՀԱՊԿ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը»:

Ռուսաստանը դաշնակիցների հետ փոխհարաբերություններում, ըստ էության, ավելի ու ավելի պահանջկոտ է դառնում: Մոսկվան ակտիվ աշխատանքներ է տանում պահպանելու ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում: ՀԱՊԿ-ի ակտիվությունը ցույց է տալիս, որ Մոսկվան դաշնակիցների հետ հարաբերությունները խստապահանջ կարող է դառնալ:

Ու այստեղ ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ը մի տեսակ իրեն «մասնակից» է դարձնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին, նշելով, թե Փաշինյանի ու Ալիևի քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, ՀԱՊԿ-ականներն արդեն նույնիսկ խոսում են նրանց իրականացրած վստահության քայլերի մասին:

ՀԱՊԿ-ում էլ են վստա՞հ, որ Փաշինյանի ու Ալիևի «պայմանավորվածություններն» այդքան ամուր են: Եթե այո՝ ապա ինչպե՞ս բացատրել Ադրբեջանից վերջին օրերին քննադատությունները Հայաստանի վարչապետի ուղղությամբ: ՀԱՊԿ-ականներն, ամենայն հավանականությամբ, կնախընտրեն լռել այս մասին:

Իսկ գուցե ՀԱՊԿ-ն այլ հետաքրքրություններ ունի՞ Արցախում ներգրավվածության առումով…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Ծածուկ ու խորամանկ. հարված Արցախին” հրապարակմանը

Մեկնաբանել