«Լոլոների» հեղափոխություն

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոր ծրագրի հաստատման ժամանակ հայտարարեց, որ այս ծրագրի հաստատմամբ Հայաստանում ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

«Մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը հնարավորություններ ստեղծելն է և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացված ծրագրին նման գնահատական տալը ծիծաղելի է համարում և գտնում է, որ ծրագրի 70-80 տոկոսը «լոլոներ են»։ Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ առնվազն տարեկան 7,5 տոկոս աճի պարագայում և 23-25 տոկոս ՀՆԱ-ի չափով ներդրումներ ունենալու դեպքում կարելի է մտածել, որ արտագաղթը կսկսի նվազել։ Ծրագրում ոչ մի կոնկրետ թիվ չկա, իսկ այն, ինչ կա, ոչ միայն հեղափոխություն չէ, այլ ճիշտ հակառակը՝  հակահեղափոխություն է։ Հակահեղափոխություն է, որովհետև մինչ հեղափոխությունը Հայաստանի որևէ կառավարություն երբեևէ չի ներկայացրել ծրագիր, որտեղ 5-7 տոկոսից պակաս տնտեսական աճ է նախատեսված եղել։ Այս ծրագրով՝ ՀՆԱ-ի տարեկան աճը լինելու է 5 տոկոս։ Ներողություն, բայց Տիգրան Սարգսյանի ժամանակ աճը 7,7 տոկոս է եղել, Հովիկ Աբրահամյանի ժամանակ խոստացել էին 5 տոկոս, դրանից ավել ապահովվել է, Կարեն Կարապետյանի ժամանակ խոստացել էին 5-6 տոկոս, բայց ապահովվել էր 7 տոկոս։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդհանրապես երկնիշ տնտեսական աճ ունեինք։ Բայց այնուամենայնիվ, այդ ցուցանիշներով Հայաստանում տնտեսական հեղափոխություն տեղի չունեցավ, ավելին՝ բավարար զարգացում և աճ չունեցանք, կենսամակարդակի բարելավումն այդպես էլ չհասավ ցանկալի մակարդակի։
Որպես հետևանք՝ երկրում կար մեծ դժգոհություն, հատկապես սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, և արդյունքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեղափոխություն իրականացնել։ Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես է 5 տոկոս ՀՆԱ-ի աճով Փաշինյանը տնտեսական հեղափոխություն իրագործելու։ Այս պարագայում տնտեսական հեղափոխություն տերմինը ընդամենը՝ որպես գեղեցիկ և ականջահաճո արտահայտություն, չարաշահվում է։ Դրանք լոկ բառեր են, որ դուր են գալիս հանրությանը։ Եվ ասվում է՝ ընդամենը ասելու համար։
Բայց տնտեսական հեղափոխությունը բառերով չեն անում, դրա համար պետք են կոնկրետ ռեֆորմներ, համակարգ, ծրագիր՝ հիմնված գործողությունների, որոնք կառավարության ծրագրում բացարձակապես չկան։ Այս համատեքստում անգամ անհասկանալի է, թե ինչն է հաստատելու Ազգային ժողովը և, օրինակ, մեկ-երկու կամ հինգ տարի անց ինչ չափանիշներով ենք ստուգելու կամ գնահատելու՝ իրականացվե՞լ է արդյոք կառավարության ծրագիրը, թե՞ ոչ։ Կա ընդամենը մեկ թիվ՝ 5 տոկոս աճ, այն էլ, եթե անգամ կառավարության կողմից գրեթե ոչինչ չարվի, միայն իներցիայով այդքան աճ կապահովվի։ Բայց 5 տոկոս աճով տնտեսական հեղափոխություն չի լինում։ Չկա նման հրաշք։ Միակ հեղափոխությունը թերևս կառավարման ոլորտում է լինելու՝ նախարարությունների թվի կտրուկ նվազման և պետծառայողների շեշտակի կրճատմամբ։ Բայց դա դեռ հարց է ՝ դրանից ՀՀ  հպարտ քաղաքացին իրեն ավելի երջանի՞կ է զգալու, թե՞ հակառակը, համոզվելու է, որ իրականում գործ ունենք «լոլոների» հեղափոխության հետ։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “«Լոլոների» հեղափոխություն”

Մեկնաբանել