Ով ում քավորությամբ է ղեկավարելու

Feb 11, 2019 Չի մեկնաբանվել

Յոթերորդ գումարման ազգային ժողովն արդեն մտնում է իր բնականոն աշխատանքային հուն, մի քանի մշտական հանձնաժողովներ արդեն արտահերթ նիստեր էին գումարել։ Մենք, իհարկե, առաջիկայում կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս խորհրդարանը, կկարողանանք պատգամավորներին քննարկել ոչ թե մազերի գույնով, տարիքով ու նախասիրություններով, այլ սեփական աշխատանքով։ Սակայն հանձնաժողովի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունից եւ հանրային գործունեությունից արդեն կարելի է որոշակի դատողություններ անել։ Դիցուք, անհերքելի է, որ նոր խորհրդարանի ինտելեկտուալ պատգամավորների առաջին տասնյակում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը օրենսդիր տեղափոխվեց Սահմանադրական դատարանից, այնտեղ նա զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, և համակարգում էր ավելի քան տասը տարի։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հավատարիմ զինվորներից էր։ Վլադիմիր Վարդանյանի մասին գործընկերները մշտապես դրական են խոսում, սակայն նա միջազգային իրավունքի մասնագետ է եւ առավել հմուտ է ցեղասպանության միջազգային ճանաչման իրավական ոլորտում։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ նրա ղեկավարած հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից է, եթե չասենք ամենաառանցքայինը, որը համարվում է նախագծերի դարբնոց։ Հուսով ենք, որ պարոն Վարդանյանը, ինչպես նեղ մասնագիտական ոլորտում է իրեն մշտապես փայլուն դրսեւորել, նույնը կանի ընդհանուր իրավագիտության եւ իրավաբանության տիրույթում։ Նա Իմ Քայլում է հայտնվել Արարատ Միրզոյանի շնորհիվ, վերջինիս քավորն է։

Առավել ուշագրավ է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարումը, այն կիրականացնի Անդրանիկ Քոչարյանը։ Նա առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ պաշտպանության նախարարի, ՆԳ նախարարի առաջին տեղակալի։ Սակայն նա Նիկոլ Փաշինյանի թիմում հանգրվանել է ավելի կարեւոր «արժանիքի» համար։ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի փաստահավաք խմբում, և հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները, իսկ Քոչարյանը այդ խմբի ղեկավարն էր։ Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջերս հրապարակած իր գրքում անդրադարձել էր հոկտեմբերի 27-ին, այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր՝ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հարցերով։ 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո բազում անգամներ է գրվել հայտնի ցուցակի մասին, Քոչարյանն էլ իր գրքում գրել է, որ այդ ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսքն այն ցուցակի մասին է, որ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու, որպեսզի չըմբոստանային ոճրագործության փաստին:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Նարեկ Զեյնալյանն է, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդին, նա մասնագիտությամբ բժիշկ է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի շուրջ ստեղծված աղմուկից հետո Նարեկ Զեյնալյանը համարվում էր տնօրենի թեկնածուներից մեկը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ով ում քավորությամբ է ղեկավարելու”

Մեկնաբանել