Փաշինյանին ուղարկված առաջին «ծիծեռնակը»՝ Արցախի հարցով

Jan 22, 2019 Comments Off on Փաշինյանին ուղարկված առաջին «ծիծեռնակը»՝ Արցախի հարցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: «Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հիշեցնենք, տեղի էր ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել էին, որ հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:

Այսպես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարզ ու հստակ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի «ձգձգված հակամարտության» լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի պատրաստակամությունը; Այսինքն, միջազգային կառույցի ղեկավարը ընդգծում է, որ կողմերը հստակ շարժվում են համաձայնության հասնելու ուղղությամբ: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ նշում են, թե էական որևէ բան չի կատարվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ավելին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ոչ ավել, ոչ պակաս որսացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման կարևոր ուղերձը, որոնք միջնորդներն արձանագրել են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը»:

Այսպես, միջազգային հանրությունն արդեն կողմերից ակնկալում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթաց:

Ի՞նչ հիմքով, ո՞ր սկզբունքներով են կողմերը եկել համաձայնությունների, որ հիմա էլ անցնեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու:

Փաշինյանն, ինքն էլ, թերևս, չգիտակցելով, ԼՂ հարցում միջազգային հանրության մոտ արթնացրել է հույսեր: Գալու է մի պահ, երբ նրանից կոնկրետ քայլերի իրականացման շուրջ պատասխաններ են սպասելու:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: