Կգա կոնկրետության X պահը

Jan 20, 2019 Comments Off on Կգա կոնկրետության X պահը

Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նախօրեին հրապարակած տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանին:

«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր, հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը այսօր հրապարակած տարեկան զեկույցում` փաստելով, որ այդ հետաքննության արդյունքում դատարանի առջև էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում:

Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունը` մեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, արձանագրում է միջազգային կառույցը` միաժամանակ ընդգծելով. – «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները և երաշխավորեն արդարադատության անկախությունը»:

Ամփոփելով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ` նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ապրիլին ու մայիսին մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո: «Սահմանված առավելագույն` երկու ժամկետը նախագահելուց հետո, Սարգսյանը փորձում էր մնալ իշխանության ղեկին` իր կուսակցության աջակցությամբ ստանձնելով վարչապետի պաշտոնը», – հիշեցնում է Human Rights Watch-ը, ընդգծելով` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:

«Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը», – նշում է զեկույցը, շարունակելով` սեպտեմբերին` իշխանափոխությունից հետո արդեն, Փաշինյանի կառավարության առաջարկությամբ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնցով ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու և վերցնելու համար սահմանվում է քրեական պատիժ` մինչև վեց տարվա ազատազրկմամբ: «Դեկտեմբերին անցկացված ընտրությունները, միջազգային դիտորդների գնահատականով, վայելում էին հասարակության լայն վստահությունն ու զերծ էին նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներից, այդ թվում՝ ընտրակաշառքից ու ընտրողների վրա ճնշումներից», – ընդգծում է Human Rights Watch-ը:

«Ազատ ու արդար քվեարկությունը առաջին, կարևորն քայլն է Հայաստանի նոր իշխանությունների համար, սակայն սա միայն սկիզբն է», – հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան՝ շեշտելով․ – «Իշխանությունները պետք է իրենց տրված մանդատն օգտագործեն և բարեփոխումներ արձանագրեն՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնց դեմ մարդիկ փողոց էին դուրս եկել»:

Հեղինակավոր կազմակերպությունը, ըստ «Ազատության», նշում է նաև` Հայաստանի նախորդ իշխանությունները հայտնի էին խաղաղ ցույցերը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձառությամբ, և որոշ դեպքերում այդ բռնաճնշումների հետևանքով ցուցարարներն ու լրագրողները լուրջ վնասվածքներ էին ստանում: «Ապրիլին ու մայիսին ևս ցույցերը մեծամասամբ խաղաղ էին, սակայն պարբերաբար արձանագրվում էին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև», – հիշեցնում է զեկույցը` առանձնացնելով ապրիլի 16-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը, ըստ հաղորդումների, գործի էր դրել լուսաձայնային նռնակներ` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 մարդու:

Քննադատելով նախորդ իշխանություններին՝ Human Rights Watch-ը միաժամանակ գովասանքի խոսքեր է հնչեցնում նոր իշխանությունների հասցեին՝ իրավապահների կողմից կիրառված բռնությունների` տարիներ շարունակ սառեցված գործերն ավարտին հասցնելու, մեղավորներին պատժելու համար: «Հունիսին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին ոստիկաններից մեկին, ով անցնում էր դատարանի նկուղում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնություն կիրառելու գործով», – փաստում է իրավապաշտպան կառույցը:

Խրախուսելով նոր իշխանություններին` զեկույցը միաժամանակ փաստում է, որ Փաշինյանի կառավարությունը դեռ անելիք ունի, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, հավասար պայմաններ ապահովելու հարցում: «Գործող օրենսդրությունը թույլատրում է հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց անգործունակ ճանաչելու եղանակով իրավաբանական կարողությունից զրկելու հնարավորություն, ինչի արդյունքում նրանք կարող են անորոշ ժամկետով պահվել բուժհիմնարկներում», ասում է Human Rights Watch-ը:

Իշխանությունները շարունակում են իրագործել մինչև 2025-ը լիովին ներառական կրթության անցնելու իրենց պարտավորությունը, ինչը թույլ կտա, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները համատեղ կրթություն ստանան՝ մեկ հարկի տակ: Չնայած որոշակի առաջընթացին՝ հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել խտրականության և վիրավորական վերաբերմունքի, նրանց համար ոչ միշտ են դպրոցներում ապահովվում այլ երեխաների հետ հավասար հիմքի վրա ուսումնառության հնարավորություն ընձեռող ողջամիտ պայմաններ, արձանագրում է Human Rights Watch-ը:

Այս տարվա զեկուցում ամենակոշտ քննադատությանն արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը, միջազգային կազմակերպությունը նշում է` ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանում: Ոստիկանության համաձայն՝ 2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որոնցից 223` ընտանիքներում: Ընդ որում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները կարծում են, որ ընտանեկան բռնությունների բազմաթիվ դեպքեր իրականում լռության են մատնվում:

Միջազգային կազմակերպությունների գնահատականները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հեղափոխությունից հետո պայմանավորված է այն սպասելիքներով, որոնք արևմտյան ուժերը ունեն Հայաստանի ներկայիս իշխանություններից:

Դա լայն սպեկտոր է՝ Հայաստանում քաղաքական-տնտեսական բարեփոխումներից մինչև Հայաստանի անվտանգության հարցեր: Առայժմ Հայաստանին հաջողվում է չսրել աշխարհաքաղաքական վեկտորները, բայց գալու է X պահը բոլոր հարցերում՝ ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններից՝ մինչև Ղարաբաղյան հակամարտություն: Այս հարցերում Հայաստանի իշխանությունների գործողություններից են կախված լինելու միջազգային հեղինակավոր կառույցների հետագա զեկույցների շեշտադրումները, գովասանքն ու քննադատության աստիճանը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: