Թեհրանի ղարաբաղյան շախը՝ Հայաստանին

Jan 21, 2019 Comments Off on Թեհրանի ղարաբաղյան շախը՝ Հայաստանին

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա», – ասել է Լավրովը: Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016-ից ՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար:

Մինչ Հայաստանում Խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում ցույց են տալիս իրենց սնանկությունը՝ մեր հարևան պետություններն ու ռազմավարական դաշնակիցը հերթական հանդիպումն են անցկացնելու:

Հայաստանում իշխանափոխությունից հետո պարզ չէ, թե իշխանությունները տարածաշրջանային քաղաքականությունում ինչ գիծ են վարելու, եթե նույնիսկ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվում՝ նախաձեռնողական քաղաքականություն են վարելո՞ւ են արդյոք, թե՞ ինքնահոսի է ամեն ինչ թողնված:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախօրեին Հայաստանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցչի անզգույշ հայտարարությունից հետո անգամ պաշտոնական Թեհրանը ցույց տվեց, թե որքան զգույշ է հարևանների հետ փոխհարաբերություններում:

Ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել մի ուշագրավ տեղեկություն, որն առնչվում էր Թեհրանի դիրքորոշմանը ԼՂ խնդրում:

Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ի հաղորդագրությունը, Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»: «Իրանը այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է», – նաև ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը խնդրել է Իրանի ղեկավարությանը փոխանցել իր երախտագիտությունը «այդ եղբայրական դիրքորոշման համար» և ընդգծել, որ Ադրբեջանը բարձր է գնահատում «այդ արդարացի դիրքորոշումը»: Նա հաղորդել է հայերի կողմից «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմա-կրոնական հուշարձանների ավերման մասին», փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը: Բաղերին Բաքվում որպես իր այցի նպատակ նշել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը:

Երեկ երեկոյան, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն տեղադրեց, համաձայն որի՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը: ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն», ասվում էր հաղորդագրությունում:

«Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման», – փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Երեկ տեղի ունեցածը ապացույց է, թե որքան զգույշ է հարևան Իրանը Հայաստանի հետ փոխհարաբերություններում, և մասնավորապես ԼՂ խնդրում, և հարկ եղած ինչպես է դիվանագիտորեն խաղում հարևանների հետ, որպեսզի ոչ մի կողմի հետ հարաբերություններում խնդիրներ չարձանագրի: Ի դեպ, մի բան, որ Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականություն վարելիս ոչ միայն չեն ցուցաբերում, այլև պարբերաբար սայթաքումներ են թույլ տալիս:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: