Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը դատարկ է՝ ի տարբերություն Երևանի աղբամանների

Jan 23, 2019 Comments Off on Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը դատարկ է՝ ի տարբերություն Երևանի աղբամանների

Ժամանակին, երբ Հայկ Մարությանն ընտրվում էր Երևանի քաղաքապետ, կար մտահոգություն, որ նա Նիկոլ Փաշինյանի չհաջողված կադրային ընտրությունն է։ Կյանքը ցույց տվեց, որ մտավախությունն անտեղի չէր, որովհետև կինոյի ոլորտից քաղաքապետարան տեղափոխված Հայկ Մարությանին առայժմ չի հաջողվում գլուխ հանել քաղաքային տնտեսության խնդիրներից՝ աղբից, տրանսպորտից, կրպակներից և մնացած բաներից։

Բայց անգամ այս պարագայում դժվար էր պատկերացնել, որ կարգին Հայկոն` իր ձախողումներով,  կարող էր թելադրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը։

Նախօրեին,  կառավարությունում բուռն քննարկման առարկա է դարձել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ և

Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը  և ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը բացասական են գնահատել նախագիծը, նշելով, որ այն կնվազեցնի 2019 թվականի բյուջետային մուտքերը։

Նրանք առաջարկում են մեկ տարով հետաձգել նախագծի ընդունումը,  քանի որ այս տարին բյուջետային մուտքերի առումով ռիսկային է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասել է, որ նախագծի ընդունման դեպքում որոշ ժամանակ անց ետ են բերելու կորսվող գումարները, որովհետև դա բերելու է նաև մտածողության փոփոխության:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-կառավարության նսիտում բոլորի համար անսպասելի հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Քննարկման ավարտին նախագիծն ընդունվել է, բայց Փաշինյանի հայտարարությունը կարելի է ասել շոկաթերապիայի էֆեկտ է ունեցել։

Ավելորդ  է ասել, որ Հայաստանի վարչապետի օրակարգում կարգին Հայկոյի չհավաքծ աղբի,  չապամոնտաժած  բուդկաների կամ մետաղաջարդոնի վերածված հին մեքենաների հարցը պետք է լինի այնքանով, որ այդ թեմաներով  դժգոհությունները  չհասնեն վարչապետին։ Քաղաքի համար սրանք կարևոր խնդիրներ են, բայց Երևանի քաղաքապետը և մնացած համայնքների ղեկավարները նրա համար են, որ զբաղվեն քաղաքացու կոմունալ կենցաղային հարցերով։ Բայց եթե աղբի հարցը Փաշինյանի կողմից հռչակվում են իրավիճակ փոխելու բանաձև, կնշանակի հեղափոխության առաջնորդի  քաղաքական օրակարգն այս պահին դատարկ է՝ ի տարբերություն Երևանի աղբամանների։ Ասվածն ամենևին  չի նշանակում, թե վարչապետը չպետք է անդրադառնա աղբի խնդրին։ Միանգամայն նորմալ կլիներ, եթե Փաշինյանը ուղղակի հանձնարարեր քաղաքապետին՝ լուծել աղբահանության, կրպակների կամ մեքենաների կարկասների հարցը։

Հեղափոխության ալիքի վրա շատ բարձր լեգիտիմությամբ  իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի կարողանում առարկայական  լուծումներ գտնել։ Հասարակության սպասումներն ու դրական այն մեծ էներգիան, որ կար հեղափոխության ժամանակ, սկսել է սպառվել։ Փաշինյանն ու նրա թիմը չունեն զարգացման տեսլական, ոլորտային ծրագրեր,  զարգացման փիլիսոփայություն և անգամ քաղաքական գաղափարախոսություն։ Հեղափոխությունից հետո հանրային վստահությունը կենտրոնացավ բացառապես Փաշինյանի անձի շուրջ՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով։ Մի կողմից հանրային մեծ սպասումները, մյուս կողմից քաղաքական և տնտեսական օրակարգի չգոյությունը բարդացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վիճակը։ Ցավալի է, որ փրկության բանաձևերի փնտրտուքը կանգ է առել աղբի հարցի վրա։ Թերևս պետք է մտածել, թե որը կարող է լինել երկրում իրավիճակ փոխելու հաջորդ բանաձևը, եթե Հայկ Մարությանին, այնուամենայնիվ, հաջողվի լուծել աղբի խնդիրը։

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: