Եվրոպայից Նիկոլի վրա մատ են թափ տալիս․ ասֆալտին փռելու առաջին ծիծեռնակները

Jan 19, 2019 Comments Off on Եվրոպայից Նիկոլի վրա մատ են թափ տալիս․ ասֆալտին փռելու առաջին ծիծեռնակները

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները տեղեկություն են տարածել, որ սույն թվականի հունվարի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: <<Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ Կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման>>,- նշված է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

Սա նոր Հայաստանի դատական համակարգի գործունեության առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից եկած առաջին ծիծեռնակն է։ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբն այդ մարդու կալանավորման առաջին իսկ օրից կրկնում էր, որ կալանքն անհամատեղելի է նրա ունեցած հիվանդության հետ։ Ինչպես հայտնի է, «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանքով մոտ 3 ամիս կալանավայրում մնալուց հետո Մայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխեցին գրավի դիմաց ազատ արձակմամբ։ Մայրապետյանին 30 միլիոն դրամ գրավով ազատ էին արձակել կալանքից, սակայն իրավապահները հրաժարվել էին վերադարձնել անձնագիրը, ինչի պատճառով նա չէր կարողանում մեկնել արտերկիր՝ բուժումների։ Հիմա, երբ եվրոդատարանը ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը՝ թույլ տալ Մայրապետյանին մեկնել արտերկիր՝ բուժման, երկիրն ու պետությունը հայտնվել են ծիծաղելի վիճակում։ Ստացվում է, որ Հայաստանում Մարդու իրավունքների կոնվենցիայի պարզուանակ կանոններեին չեն տիրապետում, դրա համար էլ Եվրոպայից մեզ վրա մատ են թափ տալիս։

Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու սիրահար հեղափոխական վարչապետը թերևս պետք է հասկանա, որ այսպիսի որոշումները կարող են լինել նաև աղմկահարույց մնացած գործերի մասով։ Նման ցուցումներ կարող է ստացվել նաև, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով։ Քոչարյանը մեղադրվում է  սահմանադրական կարգի տապալման համար, սակայն նման մեղադրանքը, ըստ պաշտպանական կողմի պնդումների, չունի իրավական հիմնավորում, որովհետև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելը նախագահի սահմանադրական իրավունքն է եղել։

Բացի այդ՝ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում, և Քոչարյանի մեղքն ապացուցված չէ, ու նա չի փորձել խուսափել նախաքննությունից, նրան կալանքի տակ պահելը անօրինական է։ Այս գիտակցումն ունեն նաև երկրորդ նախագահի  գործը քննող դատավորները։ Նրանցից երկուսն արդեն ինքնաբացարկ են հայտնել և հրաժարվել են գործի դատավարությունից։ Պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպական դատարան դիմելու դեպքում, եթե Քոչարյանի պաշտպանները հաջողության հասնեն, ապա վճարվելիք տույժը, համաձայն ներկա օրենսդրության, վճարելու են գործը քննող Վճռաբեկ դատարանի դատավորները։ Իսկ եթե դատավորները ունեն համոզմունք, որ գործի իրավական հիմնավորումները թույլ են, կնշանակի պետք է կալանքից ազատեն Քոչարյանին։ Բայց այս դեպքում էլ կա հանրային ճնշման մեծ վտանգ, որովհետև հեղափոխական զանգվածները ընդամենը մեկ կոչով կարող են ուղղակի հարձակվել ու անարգանքի սույնին գամել նշված դատավորին։ Նման պայմաններում ինքնաբացարկը ամենաապահով տարբերակն է։

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այս նրբությունների մասին հազիվ թե տեղեկացված չեն, բայց այս պարագայում թերևս կան քաղաքական այլ առաջնահերթություններ, որոնք, ըստ ամենայնի, ավելի կարևոր են։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: