Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Jan 17, 2019 Comments Off on Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Օրերս Նիկոլ Փաշինյանը մի ֆեյսբուքյան գրառում էր կատարել գնաճի վերաբերյալ: Մենք դրան անդրադարձել էինք՝ ցույց տալով, որ նա թվային աճպարարություն է անում, և գնաճը ոչ թե 1,8, այլ 2,5 տոկոս է:

Փաշինյանը կանխատեսվող գնաճի տոկոսի համեմատ արձանագրված ցածր գնաճը որպես ձեռքբերում ու հաղթանակ էր ներկայացրել:

«Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,-հաղթանակն ապահովողներին էր ներկայացրել Փաշինյանը:

Եվ ահա, այդ գրառումից օրեր անց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը որոշ դրվագներ է ներկայացրել գնաճի դեմ իշխանությունների պայքարի մասով ու ակամայից բացահայտել տնտեսության վրա պոպուլիզմի բացասական հետևանքները:

Ըստ Անանյանի՝ իրենք մաքսային սահմանով արձանագրել են 50 կիլոգրամներով ապրանք անցկացնող անհատների, որոնք փաստացի մաքսային վճարներ չեն արել ու «խփել» են օրինական բիզնեսին:

Անանյանը խոստովանում է, որ իրենք դա ֆիքսել են, բայց կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, մինչդեռ պարտավոր էին:

Հասկանալի է, որ պետական մարմինները կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի հպարտ քաղաքացիների մաքսանենգ հատվածը չդժգոհի Նիկոլ Փաշինյանից: Բայց այդ ամենի արդյունքը եղել է այն, որ որոշակի ապրանքների գները շուկայում ընկել են, ու այդ ամենի հետևանքով տուժել են և՛ բարեխիղճ տնտեսվարողները, և՛ պետական բյուջեն, ինչը, սակայն, հնարավորություն է տվել Փաշինյանին քարոզչական նպատակներով որպես հաղթանակ ներկայացնել գնաճի ցածր տոկոսները:

Ահա այսպիսի «թավշյա» և «դուխով» իրականություն:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Մի փոքրիկ տեղեկանք:

Ցածր գնաճը տնտեսական աճի տեմպի նվազեցման կամ ստագնացիայի, ինչպես նաև բյուջեի չստացված եկամուտների, մասնավոր բիզնեսի վրա բացասական ազդեցության, գործազրկության համեմատաբար բարձր մակարդակի ու սպառողների ցածր վճարունակության վկայություն է, և այստեղ հերոսաբար հպարտանալու բան չկա:

Ինֆլյացիայի չափը մեր տիպի երկրների համար պետք է լինի առնվազն 3 տոկոս, իսկ աճի տեմպի ավելացման պայմաններում կամ աճի խթանման դեպքում տարբեր փորձագիտական գնահատականներով նորմալ է համարվում 5-8 տոկոս գնաճի միջակայքը:

Ինֆլյացիայի և գործազրկության տոկոսներն իրար հետ փոխկապակցված են ու ցույց են տալիս տնտեսության մակրոպատկերը: Դրանք նման են մարդու մարմնի ջերմությանն ու զարկերակային ճնշմանը: Վատ է ինչպես նորմայից ցածրը, այնպես էլ բարձրը:

Տվյալ դեպքում Փաշինյանն ուրախացել է, որ մեր տնտեսության «ջերմությունը» ցածր է, բայց դե, դա ավելի շուտ քարոզչական, քան մասնագիտական ուրախություն է: Այդ գնաճային «ձեռքբերումն», ի դեպ, որևէ կերպ չի ազդել մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Հատկապես որ իրական կյանքում գնաճը ցանկալի նորմայից բարձր է:

7or.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: