Լավրովի պլանը նորից սեղանին. Մոսկվան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին

Jan 21, 2019 Comments Off on Լավրովի պլանը նորից սեղանին. Մոսկվան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին

Երեկ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրություններից տեղեկանում էինք, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները», ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Չորս ժամ տևած հանդիպումից քիչ անց համատեղ հայտարարությամբ հանդես եկան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որում նրանք փաստում էին, որ նախարարներին երախտագիտություն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված արդյունքների միտված բանակցությունների մթնոլորտի պահպանմանը:

«Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, և համաձայնության են եկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ: Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի ներկա փուլի հիմնական սկզբունքները և չափորոշիչները: Նախարարները և համանախագահները հնարավոր են համարել, որ հաջորդ քայլը կարող է լինել գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որը նպատակ կունենա ուժեղ խթան հաղորդել բանակցությունների ընթացքին: Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխադարձ շահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի օգտագործմանը: Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ», ասվում էր հաղորդագրության մեջ:

Համանախագահների հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ կողմերը ոչ միայն դետալներ են համաձայնեցրել, այլև՝ դա անելուց հետո արդեն մնացել է ժողովուրդներին «խաղաղությանը նախապատրաստելը»: Ավելին, միջնորդներն արդեն ակնարկում են տարածաշրջանի տնտեսական ներուժի օգտագործելու անհրաժեշտության մասին:

Եթե դուրս գանք միջնորդների դիվանագիտական բառապաշարով ձևակերպումներից, ստացվում է, նրանք կրկնել են ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվից հնչեցրած հայտարարությունը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են քննարկում կողմերը, որոնց հիմքում պատրաստվում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել: Այս հարցի պատասխանը տալու համար կարող ենք ուշադրություն դարձնել հենց երեկ Մոսկվայից հնչած շատ կարևոր հայտարարությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարի մակարդակով:

Մոսկվան դրական է գնահատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություն կանի, ամենամյա մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ի դեպ, Լավրովին ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի լրագրողները ղարաբաղյան հակամարտության մասին հարց չէին տվել, սակայն երբ ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից։ «Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. – «Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»:

«Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին», – նշել է Լավրովը և շարունակել. – «Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»։ Լավրովը նաև նշել է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը»։

Եզրակացությունը մեկն է՝ ղարաբաղյան բանակցությունների սեղանին, ըստ ամենայնի, կրկին «Լավրովյան պլանն» է: Ու հիմա Մոսկվան ու Բաքուն սպասում են, որպեսզի հայկական կողմն ընդունի՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո բերած Լավրովի պլանը, ինչը Սերժ Սարգսյանի իշխանությունը մերժել էր:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: