Հպարտ թերուսների պառլամենտական «փայլը»

Jan 20, 2019 Comments Off on Հպարտ թերուսների պառլամենտական «փայլը»

Երեկ Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկումներում «փայլել» են մեծամասնության ներկայացուցիչներն իրենց, մեղմ ասած, անտեղյակությամբ, ընդ որում արտաքին քաղաքական կարևորագույն հարցերում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դեմքի լուրջ հայտարարությամբ՝ Իրանի Իսլամական հանրապետությանը որակել է ավտորիտար։ «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս, անպայման, ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ», ասել է Կոնջորյանը։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանում տեղի ունեցած «վճռական փոփոխությունները» պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ:

Այն, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը չի էլ հասկանում, որ «վճռական» արտաքին քաղաքականության մասին պաթոսով խոսելիս չի կարելի ՀՀ ԱԺ ամբիոնից հարևան երկրին նման որակումներ տալ, դեռ ոչինչ: Քիչ անց նա ստիպված եղավ սրբագրել ինքն իրեն, իբր բանավոր խոսքում վրիպել է ու նման բան այլևս չի կրկնվի:

Իշխող ուժի պաշտպան հասարակական սեկտորի որոշ ներկայացուցիչներն էլ շտապեցին «արդարացնել», թե՝ «ում համար Իրանի ավտորիտար պետություն լինելը նորությու՞ն է…», այդպես էլ չհասկանալով, որ խնդիրը իշխող ուժի ներկայացուցչի կողմից ԱԺ ամբիոնից հարևան պետության հասցեին, նման անփույթ հայտարարություն անելու մեջ է:

Այս ամենում, իհարկե, խնդիրը բոլորովին այլ տեղ է. նման քաղաքական ուժն ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականություն վարելու, և ի՞նչ հետևանքներ են թողնելու այսպիսի «վրիպումները»: Իսկ Իրանը բավական նրբանկատ է նման հարցերում, եթե չասենք, բավական ցավոտ կարող է տանել նման «վրիպումները»:

Խոսքը գնում է հարևան Իրանի մասին, որի հետ հարաբերությունները ոչ միայն կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, այլև խոսքը մի երկրի մասին է, որը Լեռնային Ղարաբաղի հարցում խիստ հավասարակշռված դիրքորոշում ունի:

Ազգային ժողովում երեկվա տգիտության հաջորդ շքերթի մասնակիցը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանն էր: Վերջինս Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակն է եղել, բայց պարզվեց մեր պետությանը վերաբերող հիմնարար գործընթացի վերաբերյալ տարրական գիտելիքներ չունի:

Նա իր ելույթում խոսելով իր հետագա գործառույթների մասին, ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված օրենսդրության հարցերով պետք է զբաղվի և ըստ նրա, սփյուռքը կարող է օգնել հանձնաժողովին եվրաինտեգրման հարցում երկու ուղղությամբ. «Առաջին հերթին փորձագիտական բազայով: Ես ինքս սովորել եմ եվրոպագիտություն հենց Եվրոպայում, 3 տարի ապրել եմ այնտեղ, ինչքան էլ մարդը ունենա ակադեմիական կրթություն,երբ պրակտիկ չի տեսնում օրենսդրության կիրարկման փաստերը, շատ դժվար է օրենսդրություն մշակելիս համապատասխան լրամշակումներ անել: Այստեղ ես ակնկալում եմ սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը՝ իրենց փորձագիտական ներուժով և տեղում լոբբիստական աշխատանքով՝ համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու հարցում»:

Ի՞նչ պետք է անի սփյուռքը մեր երկրի իշխանության փոխարեն… ԵՄ երկրների իշխանությունների դռները պետք է ծեծե՞ն մեր հայրենակիցները, թե՞ ակցիաներ անցկացնեն եվրոպական մայրաքաղաքներում իշխանական կառույցների շենքերի մոտ՝ պահանջելով վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Դա Հայաստանի բարձրագույն իշխանության գործն է՝ բանակցել, ստանալ ԵՄ երկրների իշխանություններից հավաստիացումներ, որ այս կամ այն փուլում կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

«Հպարտ» թերուսներին, որոնք անհասկանալի արժանիքներով, սեփական հետևողական «ջանքերի» շնորհիվ հայտնվել են խորհրդարանում, մնում է միայն խորհուրդ տալ, որպեսզի նախ գոնե ծանոթանան թեմաներին, որոնց մասին պատրաստվում են ելույթ ունենալ ԱԺ բարձր ամբիոնից: Այս 8 ամիսների ընթացքում կարելի էր որոշակի պատկերացումներ կազմել մեր պետության համար արտաքին քաղաքական հիմնարար կետերի շուրջ, բայց դա էլ չեն «բաշարել» անել:

Թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի իշխող ուժի այս մակարդակի պատգամավորները ձեռք բերեն որոշակի հմտություններ պետության կառավարման կարևորագույն հարցերի վերաբերյալ ու տարրական պատկերացումներ կազմեն՝ Աստված գիտե…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: