Но это еще цветочки
Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ներկայացնելով 2018 թվականի արդյունքները, հայտարարել է, որ 123 աշխատակից կրճատվել է: Ընտրությունը, ինչպես ինքը` Անանյանն է նշել, կատարվել է լավերի և լավագույնների մեջ, բայց քանի որ դրված է եղել օպտիմալացման ևկառուցվածքային փոփոխությունների պահանջ, իրենք գնացել են այդ քայլին: «Դեռևս հոկտեմբերի 20-22-ին հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչության աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվաքանակը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ Ծանուցման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 22-ին։ 580 աշխատակիցներից 128-ը կրճատվել են»,- նշել է Դավիթ Անանյանը և ավելացրել, թե ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել են լավի և լավագույնի միջև, և սա դեռ սկիզբն է:
Սա թերևս նշանակում է, որ կրճատումները շարունակվելու են և էլի կլինեն մարդիկ, ովքեր կարժանանան արդեն կրճատված 128 աշխատակիցների ճակատագրին: Թե ինչ սկզբունքով, ովքեր կամ ինչ չափանիշով են ազատել լավերին լավագույններից` Դավիթ Անանյանը չի մանրամասնել: Այնուամենայնիվ, եթե որպես կառույցի ղեկավար՝ նա ընդունում է, որ կրճատվողներն իրենց գործում պրոֆեսիոնալ են եղել, ուրեմն այստեղ վստահաբար խնդիր կա: Ընդհանրապես արհեստավարժ կադրերի առկայությունը հետհեղափոխական Հայաստանի լրջագույն խնդիրներից է: Ազգային ժողովի ներկա կազմը իր անցած ճանապարհով, որոշ պատգամավորների` ամբիոնից հնչեցրած թոթովախոս ելույթները, հստակ ցույց տվեցին, թե որքան կարևոր են փորձառությունն ու արհեստավարժությունը պետության համար:
Եթե ՊԵԿ-ում միանգամից այդքան մարդու կրճատումը հիմնավորում են համակարգի ուռճացմամբ, ապա պետք է նախ հասկանալ` նախկինում ինչ հիմնավորմամբ են ստեղծվել նման հզոր կառուցվածքային ստորաբաժանումները: Ամենակարևորը, պետք է հետևել և տեսնել` արդյոք կրճատումների գործընթացն ավարտին հասցնելուց որոշ ժամանակ անց նույն Դավիթ Անանյանը չի՞ սկսելու հակառակ գործընթացը և չի՞ փորձելու նորից ավելացնել հաստիքները: Նման նախադեպեր նախկին իշխանությունների ժամանակ բազմիցս եղել են: Կրճատումներն անցանկալի և ոչ յուրային կադրերից ազատվելու լավագույն միջոցն են. կրճատում են, որոշ ժամանակ անց համակարգ բերում յուրայիններին:
Ամեն դեպքում, Պետեկամուտների կոմիտեն 2018-ին գերակատարել է պլանը՝ հավաքելով ավելի քան 1 տրիլիոն 306 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսվածից 3,5 տոկոսով ավելի է։
Բացի այդ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ, անցած տարի ՊԵԿ-ը գերակատարել է պլանը. 2018-ին հավաքված գումարը 2017-ին հավաքվածից ավելի է 14,5 տոկոսով: Այսինքն` ՊԵԿ աշխատակիցները, որպես այդպիսին, կատարել են իրենց առջև դրված խնդիրները և պետական գանձարանի հավաքագրման ծրագիրն ապահովել են 100 տոկոսով, մի բան էլ ավել: Ստացվում է, որ մարդկանց կրճատել են արդյունավետ աշխատելու համար:
Հայկ Դավթյան