Ո՞ւմ գրպանն են մտնում  ՀԴՄ-ների վաճառքից գոյացած 10-հազարական դրամները

Jan 19, 2019 Comments Off on Ո՞ւմ գրպանն են մտնում  ՀԴՄ-ների վաճառքից գոյացած 10-հազարական դրամները

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան լինելու դեպքում ցանկացած հսկիչ-դրամարկղային մեքենա կարող է հաշվառվել և շահագործվել որպես նոր սերնդի ՀԴՄ: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ ՀԴՄ-ների վերաբերյալ մամուլում հնչել են հակասական տեսակետներ:

«Պետք է ազնիվ լինել և համեմատել համադրելի ՀԴՄ-ները: Եթե կա երկու՝ իրար նման հսկիչ- դրամարկղային մեքենա, ապա պետք է համեմատենք ոչ թե տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները: Մենք ներմուծել ենք նաև տարաժամկետ վճարման հնարավորություն հարկ վճարողների համար: Եթե հարկ վճարողը կարող է ունենալ այդպիսի ցանկություն, ապա նրա հետ կկնքվի տարաժամկետ վճարումների պայմանագիր, և նա երկու տարվա ընթացքում կարող է վճարել ՀԴՄ արժեքը, որը սահմանվել է 160 հազար դրամ, իսկ ինքնարժեքը 150 հազար դրամ է»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն այս հարցում, մեղմ ասած, անկեղծ չէ, որովհետև մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքը կամավոր պարտադիր բնույթ է կրում, եթե անգամ տվյալ տնտեսվարողներն ունեն նախկինում ձեռք բերված ՀԴՄ։ Մասնավորապես hayeli.am-ը ահազանագ է ստացել առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներից, որ ՊԵԿ-ը պարտադրում է ձեռք բերել նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ։ «Տաշիր» առևտրային կենտրոնում գործող ոսկու և հագուստի շուկայի առևտրականները մեր այցելության ժամանակ դժգոհում էին, որ իրենք նախկինում ստիպված են եղել ձեռք բերել ՀԴՄ, ընդ որում ոչ թե մեկը, այլ երկուսը, որոշները նույնսիկ 3 հատ ունեին այդ սարքից։  Նրանց խոսքով՝ այդ մեքենաները նորմալ աշխատում են, բայց միևնույնն է՝ հարկայինից իրենց պարտադրում են գնել նորը։ Երբ առևտրով զբաղվոները փորձել են դժգոհել, թե տարվա սկիզբ է, առևտուրը կանգնած է, և իրենք ի վիճակի չեն նման խոշոր գումար վճարրել, իրենց առաջարկվել է տարաժամկետ վճարման գրաֆիկ․ «Մեզ ասում են՝ սկզբի համար 10 հազար դրամ վճարեք, որովհետև դա իրենց գումարն է, մնացածն արդեն պայմանագրով քիչ-քիչ՝ մեկ տարվա ընթացքում կվճարեք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց «Տաշիր» առևտրային կենտրոնի առաջին հարկում գործող ոսկու շուկայի աշխատողներից մեկը։ «Ես մեկի փոխարեն 2 ՀԴՄ ունեմ, երկուսն էլ նորմալ աշխատում են։ Ընդամենը մեկուկես քառակուի մետր սեղան ունեմ, ի՞նչ եմ անելու նոր ՀԴՄ-ն։ Բայց կան մարդիկ, ովքեր մի քանի սեղան ունեն, նրանք հիմա պիտի 3-4 հատ ՀԴՄ գնեն՝ լրիվ անիմաստ։ Նախկինում էլ էր այդպես, ինչ-որ մեկն իր բիզնեսի համար ներկրում է  այդ ՀԴՄ-ները, և վերևից մեզ բոլորիս պարտադրում են գնել և վերջ։ Ես մի հատ առա, հետո ասացին՝ սա մեր պահանջներին չի համապատասխանում, պիտի նորն առնենք։ Փողը տվեցինք, էդ նորն էլ առանք, հիմա էլ ասում են՝ էդ էլ չի անցնում, պիտի մեր բերածն առնեք։ Չեն էլ ուզում բացատրել, չեն էլ ուզում պարզաբանել՝ ի՞նչ տարբերություն կա հնի ու նորի միջև, և ինչի՞ պիտի հինը չօգտագորչծենք, նորն առնենք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց շուկայի աշխատակիցը՝ ավելացնելով, որ նախկին իշխանությունները ՀԴՄ-ների միջոցով բիզնես էին անում, այժմ նույն բանն անում են նաև նորերը։

Առևտրականներն արդեն լսել էին ՊԵԿ նախագահի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությունը և հարցնում էին․ «Եթե ՀԴՄ-ի ինքնարժեքը 150 հազար դրամ է, ինչո՞ւ են մեր վրա 160 հազարով ծախում։ Մենք չգիտենք՝ դա ո՞ւմ բիզնեսն է, ո՞ւմ գրպանն է  մտնում այդ ավել 10 հազար դրամը։ Պատկերացրեք՝ ամբողջ հանրապետությունում  առևտրով զբաղվող ինչքան մարդ կա․ երևի ամենաքիչը մի 20-30 հազար հոգի։ Եթե այդքան մարդուց 10 հազարական դրամ վերցնեն, շատ ընտիր բիզնես է»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ասուլիսում չպարզաբանեց, թե ում կողմից են ներկրվել այսպես կոչված նոր սերնդի ՀԴՄ-ները և տեխնիկական ինչ առավելություն ունեն դրանք՝ հների համեմատ։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: