Ստեփանակերտից Փարիզ. Ինչ կա Ալիևի փաթեթում

Jan 18, 2019 1 Comment

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այսօր Փարիզում կկայանա նաև Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Մնացականյանն ու Մամեդյարովն արդեն հասցրել են 3 անգամ հանդիպել, այսօր արդեն նրանց չորրորդ հանդիպումն է կայանալու: Այս հանդիպումից առաջ, Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը սկսել են նախապայմաններ առաջ քաշել: Իհարկե, գլխավոր պահանջը` «գրավյալ տարածքների» վերադարձն է: Որից հետո Բաքուն որպես «շռայլություն» մատուցում է Արցախի ժողովրդին բարձր մակարդակի ինքնավարություն շնորհելը:

Հատկանշական է, որ մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե 2019-ին լավատեսական հիմքեր կան ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Նրանք ակնհայտորեն Փաշինյանի իշխանությունից սպասելիքներ ունեն: Այդ իսկ պատճառով ցույց են տալիս, թե ինչ են ակնկալում հայկական կողմից՝ «տարածքների վերադարձ»՝ Արցախի ինքնավարություն շնորհելու դիմաց: Այսինքն, Բաքուն ամբողջովին փոխել է բանակցությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը:

Իսկ հայկական կողմը շեշտում է, որ Հայաստանի առաջնահերթությունները Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն է:

Այսինքն, կողմերի դիրքորոշումները իրարից այնքան հեռու են, որ նույնիսկ չի կարելի պատկերացնել, թե կա՞ն արդյոք երկխոսության եզրեր:

Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները դրել են իրենց «սահմանը», որպեսզի իրենց համար ոչ այնքան հարմարավետ իրավիճակներում բանակցությունների «տապալումը» բարդեն հայկական կողմի վրա, ասելով՝ «ահա, մենք կառուցողական էինք տրամադրված, բայց հայկական կողմը փակուղի է մտցնում բանակցությունները»:

Այսօր Փարիզում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման «արդյունքների» մասին, և հատկապես Բաքվում առկա տրամադրությունների մասին հնարավոր կլինի դատել Ադրբեջանում պաշտոնական հայտարարություններից և դրանց հաջորդող մեկնաբանություններից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ստեփանակերտից Փարիզ. Ինչ կա Ալիևի փաթեթում” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    MI HAYDARUTYUN DANJVAJ HOKIYOV HAYER VERJ DVEK AYS TAVAJAN NIKOLIN VOJ TE HAY AZKIN JAQADKIR VAHJANELI A ?