Ի՞նչ ունի Երևանը հակադրելու իսրայելյան նոր անօդաչուներին

Jan 21, 2019 Comments Off on Ի՞նչ ունի Երևանը հակադրելու իսրայելյան նոր անօդաչուներին

Հայաստանի արտգործնախարարը մոտ ապագայում կայցելի Իսրայել՝ երկկողմ կապերն ամրապնդելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու ծրագրով: Հարցազրույց տալով The Jerusalem Post-ին՝ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պնդել է՝ «Հայաստանն այնքան բան կարող է առաջարկել Իսրայելին` գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության ու նորարարության ոլորտներում»:

«Հայերը շատ նմանություններ ունեն հրեա ժողովրդի հետ. երկուսս էլ շատ ենք տարբերվում մեր հարևաններից, բազմադարյա պատմություն ունենք, դիմացել ենք բազում պատերազմների ու ներխուժումների և գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների», – ասել է Մնացականյանը:

«Ջերմանո՞ւմ են արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում հեղինակն ինքն էլ փաստում է, որ երկու ժողովուրդները ընդհանուր շատ հատկանիշներ ունեն՝ երկուսն էլ բնակչության թվով համեմատաբար փոքր են, սփռված են աշխարհով մեկ, տևական ժամանակ ձգտել են ունենալ անկախ պետություն, շրջապատված են թշնամական, մահմեդական երկրներով, ԱՄՆ-ում ունեն ազդեցիկ լոբբի և վերապրել են խորը ազգային ողբերգություն։ «Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները զարգացած չեն», – փաստում է հոդվածագիրը, պնդելով, թե դրա պատճառը Հայաստանի տարաձայնություններն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք Իսրայելի դաշնակիցներն են:

«Ի՞նչ զգացիք, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը Քնեսեթում չեղարկվեց», – հետաքրքրվել է լրագրողը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարից: Ի պատասխան՝ Մնացականյանն ընդգծել է, որ դա ոչ թե զուտ ճանաչման հարց էր, այլ՝ բարոյական դիրքորոշում արտահայտելու: «1.5 միլիոն մարդ է սպանվել։ Իմ նախնիները փրկվել են ցեղասպանությունից ու ապաստանել Թբիլիսիում։ Հարազատներիցս շատերը սպանվել են: Մենք, սակայն, մեզ զոհի կարգավիճակում չենք զգում: Մենք հաղթող ենք, քանի որ շարունակում ենք ապրել», – ասել է Մնացականյանը՝ միաժամանակ ընդգծելով. – «Չէի ասի, որ չենք հիասթափվել քվեարկության ձախողումից: Այս հարցը սակարկման առարկա է դարձել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում, և դա շատ ցավալի է»:

Իսրայելական պարբերականին տված հարցազրույցում Մնացականյանն ընդգծել է՝ չնայած հիասթափություններին՝ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Թել Ավիվի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում: «Հայաստանը չափազանց մտահոգված է իր անվտանգության հարցերով, հատկապես՝ Ղարաբաղի հետ կապված. այնտեղ մարդիկ վտանգի տակ են», – ասել է Մնացականյանը՝ հավելելով. – «Մենք գիտենք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանա զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ներառյալ ռազմական ոլորտում»:

Մնացականյանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրները շուտով կբացեն միմյանց դեսպանատները իրենց տարածքներում. «Մենք ավելի քան ուրախ կլինենք Իսրայելի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»։

Իսրայելն ու Ադրբեջանը դաշնակից պետություններ են, բազմաթիվ ոլորտներում: Բայց դեռ նախորդ իշխանության տարիներից Իսրայելից ազդակներ եղան, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա այցելեց Հայաստան, ապա Հայաստանի նախկին արտգործնախարարը մեկնեց Իսրայել:

Այսինքն, շփումների որոշակի մակարդակ կա: Հայաստանն անշուշտ չի կարող սեպ խրել Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների մեջ, առավելևս ռազմատեխնիկական ոլորտում, սակայն ինչու՞ չէ, կարող է ևս օգտվել այդ հնարավորություններից:

Ի դեպ, օրերս Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ալիևին ցուցադրել է իսրայելյան նոր հարվածային Sky Striker անօդաչու թռչող սարքերը: Ալիևին անօդաչու թռչող սարքերը ցուցադրվել են առաջնորդի Բաքվի մերձակայքի Թուրքիան ավանում գտնվող ափամերձ պահպանության նավերի շինարարության և վերանորոգման կենտրոն այցելության ժամանակ:

Sky Striker-ը նախատեսված է հակառակորդին հեռահար մարտավարական հարվածներ հասցնելու համար: Դրա համար դրոնը զինված է 5 կամ 10 կիլոգրամանոց մարտագլխիկով: 5 կիլոգրամանոց մարտագլխիկով դրոնի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, 10 կիլոգրամանոցինը՝ մեկ ժամից ոչ ավելի: Սարքի առավելագույն արագությունը 185 կմ/ժ է, իսկ թիրախը խոցելու պահին՝ մինչև 500 կմ/ժ:

Դրոնը նաև ցածր ակուստիկայով էլեկտրական շարժիչ համակարգ ունի, որը թույլ է տալիս գաղտնի գործողություններ իրականացնել ցածր բարձրությունների վրա: Sky Striker-ն օգտագործում է ինքնավար նավիգացիոն համակարգ: Դրոնի օպերատորը հնարավորություն ունի դադարեցնել հարձակումը, շրջանցել և նորից հարձակվել նույն կամ այլ թիրախի վրա, ինչպես նաև սարքը վերադարձնել բազա օպերացիայի ցանկացած էտապում՝ օգտագործելով պարաշյուտ կամ փչովի պարկ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: