Նիկոլ Փաշինյանի հանրապետականացումը, ինչպես Սերժ Սարգսյանի գաղջ մթնոլորտը

Jan 17, 2019 Comments Off on Նիկոլ Փաշինյանի հանրապետականացումը, ինչպես Սերժ Սարգսյանի գաղջ մթնոլորտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե ներկայումս Հայաստանում լրատվադաշտի 90 տոկոսը կա՛մ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կա՛մ ընդդիմադիր ուժերին։

Փաշինյանը, առանց անուններ տալու, նշել է, որ  մի շարք լրատվականներ հիմնականում երկու սուբյեկտի են պատկանում։ Թե ում է ակնարկել վարչապետը, թերևս պարզ է՝ անգամ առանց անունների։ Բայց ամենավատն այն է, որ նախկին լրագրող և խմբագիր, թերթի հիմնադիր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բացառում է ազատ մամուլի գոյությունը, որովհետև այն 10 տոկոսը, որը ո՛չ ներկա ընդդիմությանն է պատկանում, ո՛չ էլ նախկին իշխանությանը, վստահաբար ուղղակիորեն սպասարկում է ներկա իշխանությանը․ էլ ի՞նչ իշխանություն, որ իր ազդեցության տակ լրատվադաշտի 10 տոկոսն էլ չունի։

Իսկ ո՞ւր մնաց ազատ և անկախ մամուլը․ փաստորեն այդպիսի բան Հայաստանում այսօր գոյություն չունի՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։Եթե դա իսկապես այդպես է, կնշանակի Նիկոլ Փաշինյանի սիրո հեղափոխությունը ամենևին չի նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, որովհետև առանց ազատ մամուլի չկա ժողովրդավարություն․ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, և այդ մասին լրագրող Փաշինյանը գիտի ավելի լավ, քան որևէ մեկը։

Փաշինյանը նաև դժգոհել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել․«Ի՞նչ է նշանակում՝ հանրապետականացնել․ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ասել, որ ահա այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին նախկինը, եւ բերվում են անհերքելի փաստարկներ»,- մեկնաբանել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա արվում է ցույց տալու համար, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները անիմաստ են, բան չի փոխվել երկրում։

Նիկոլ Փաշինյանը նշել է մի քանի օրինակներ, որոնք վերաբերում են  իր ընտանիքի, ներկա իշխանությունների այս  կամ այն քայլի վերաբերյալ ԶԼՄ արձագանքներին, որոնք ըստ ամենայնի դուր չեն եկել վարչապետին։ «Պատկերացնո՞ւմ եք՝ նոր իշխանության ներկայացուցիչներն էլ են շոր հագնում, նույնիսկ խաշ են ուտում, նախկիններն էլ, բան չի փոխվել: Էսօրվա վարչապետն էլ է մեքենա նստել, նույնիսկ՝ զրահապատ։ Կամ հեծանիվ է քշում, խայտառակություն է, բա մենք սե՞նց երկիր ենք, պատկերացնո՞ւմ եք, վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշով պետք է գնա, էշն ավելի արագ է, ի՞նչ ինքնաթիռ, ձիով, սայլով։ Այ էդ ժամանակ կասեինք, որ բան է փոխվել։ Սա հուսահատության քարոզչություն է, որը հեղափոխությանը նախորդած տարիներին արվել է, որ բան չի փոխվի, յոլա գնացեք, եղունգ ունեք՝ գլուխ քորեք, արտագաղթեք եւ էսպես շարունակ»,-սարկազմով դժգոհել է  Փաշինյանը:

Հետաքրքիր է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը այսքան կատեգորիկ արտահայտվում ԶԼՄ-ների մասին․ ի՞նչ է՝ լրատվամիջոցները պարտադիր պետք է գովերգե՞ն նոր իշխանություններին։ Սիրելինե՛րս, եթե չեք ուզում, որ ձեր խաշ ուտելը դառնա քննարկման թեմա, ուրեմն խաշի սեղանի մոտ զսպեք սելֆիներ անելու ձեր անզուսպ ցանկությունը, առավել ևս դրանցով մի ողողեք սոցիալական հարթակների ձեր էջերը։ Էլիտար խնջույքներ անում էին նաև նախկինները, այո՛, նրանք նաև թաղված էին կաշառքի և կոռուպցիայի մեջ։ Բայց մենք, սիրելի՛ վարչապետ, սիրո հեղափոխություն ենք արել, նրանց մերժել ենք, ձեզ բերել իշխանության, որ դուք տարբերվեք նրանցից։ Դարձյալ ներողություն, բայց Փաշինյանի փնթփնթոցներըը՝ ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ մի տեսակ հիշեցնում են Սերժ Սարգսյանի՝ ոչ վաղ անցյալի հայտնի ելույթը, որտեղ նա երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի միակ մեղավոր հայտարարեց ԶԼՄ-ներին։ Թե ինչ եղավ դրանից հետո,  տեսանք բոլորս։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես չի ուզում հանրապետականանալ, ապա պետք է մեկընդմիշտ հանգիստ թողնի ԶԼՄ-ներին և որպես գործադիր իշխանության ղեկավար՝ որևէ կերպ չմիջամտի 4-րդ իշխանության գործերին։ Մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ Փաշինյանի արած հրապարակային մեկնաբանությունը հակառակն է փաստում։ Հիշեցնենք, որ այդ առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ և մտահոգություն հայտնել՝ ազատ խոսքի վտանգման առնչությամբ։

Վերադառնալով ազատ մամուլի խնդրին․ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե ինքը՝ որպես թեթի հիմնադիր և խմբագիր, ժամանակին կարող էր սեփական դիտարկումները ներկայացնել, կարծիք ու մոտեցում ունենալ, մյուս խմբագիրներն այդ իրավունքը չունեն, իսկ եթե հանդգնում են որևէ բան ասել, որակվում են որպես նախկին իշխանությանը ծախվածներ։

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: