Ապաշնորհության առաջին զանգը

Jan 18, 2019 1 Comment

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չի կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողների հարցին`Արարատ Միրզոյանն ասել է . «Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց նաև հնարավորություն կա շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում»:

Համաձայնագրի վավերացման դանդաղումը նա կապում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. «Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, ժամանակ է պետք: Եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»:

Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել`մտավախություն հայտնելով, որ եթե տեմպերով գնան, 2019 –ին ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվելու:

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրարկման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից», գրել էր Աշոտյանը:

Նշենք, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա), և նախորդ իշխանությունները խնդիր էին դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում:

Վերջին շրջանում շատ է խոսվել, որ իշխանությունները դանդաղ են գործում: Ի դեպ, Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան: Աշոտյանն այս առիթով նկատել էր, որ՝ «անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»:

Կա համոզմունք, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Իսկ թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը, ըստ Աշոտյանի՝ կախված է լինելու ընտրությունների արդյունքներից, հետընտրական դասավորումներից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից:

Ինչ է անում գործող իշխանությունը, որպես Բրյուսելի հետ աշխատանքը արդյունավետ լինի, որպեսզի Բրյուսելում զգան, որ Հայաստանն իսկապես, շարժվում է զարգացման ճանապարհով: Այսինքն՝ հարցը կոնկրետ է՝ Հայաստանում բարեփոխումներ իրականացվո՞ւմ են թե ոչ: Չէ որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն իսկ բարեփոխումների պարարտ հող է ստեղծել:

Առհասարակ, Հայաստանի ԱԳՆ-ն իր ղեկավարով ի՞նչ աշխատանքներ է տարել այս 8 ամիսների ընթացքում: Արդյո՞ք ԵՄ երկրների ղեկավարների հետ ուղիղ կապ գոյություն ունի առհասարակ:

Եթե Հայաստանի ներկայիս իշխանության ներկայացուցիչը համոզված չէ, որ 2019-ին ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ապա պետք է կոնկրետ նշի, թե Հայաստանի իշխանությունն իր հերթին ինչ է արել, որպեսզի այն այս տարի ընդունեին ԵՄ պետությունները: Եթե ոչինչ չեն արել՝ մեղքը ԵՄ երկրների վրա գցելը ոչ միայն ճիշտ չէ, այլև էժան աճպարարություն է սեփական ապաշնորհ լինելը թաքցնելու ճանապարհին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ապաշնորհության առաջին զանգը” հրապարակմանը