Իշխանության ճաշակն ու նոր ցնցումների հիմքերը

Jan 16, 2019 Comments Off on Իշխանության ճաշակն ու նոր ցնցումների հիմքերը

Վաղը վճռորոշ օր է լինելու «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համար. Աժ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի իրենց նախապատվությամբ եւ քվեարկությամբ իշխող կուսակցությունը ցույց է տալու իրական իր դեմքը: Ինչպես հայտնի է Սահմանադրության մեջ ամրագրված է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

Պարզից էլ պարզ է, որ չկա պարտադրանք, որ այդ թեկնածուն պետք է լինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից, այն է՝ իրենք աջակցելու են ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին, մինչդեռ իշխող ուժը որոշում ունի քվեարկել հենց այդ սկզբունքից՝ պատճառաբանելով, թե ժողովուրդն արդեն իր ընտրությունն արել է, ամենամեծ ընդդիմադիրը ԲՀԿ-ն է, իրենք էլ առաջնորդվելու են այդ սկզբունքից: Իսկ Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը այդ պաշտոնում հայտարարել է Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Մեծ հաշվով, ԱԺ փոխնախագահի պաշտոնը սոսկ ներկայացուցչական է եւ կարծես թե որեւէ խնդիր ընդդիմադիրները չեն կարող լուծել՝ ունենալով այդ պաշտոնը: Այստեղ խնդիրն ավելի շատ իշխանության ճաշակի եւ փիլիսոփայության հետ է կապված: Նկատենք, որ իշխանությունը հայտարարել է, որ միասնական քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, ինչը նշանակում է առաջին իսկ հնարավորության դեպքում բռնանալ սեփական թիմակիցների ազատ կամարտահայտման իրավունքի վրա: Ի վերջո, որքան ԲՀԿ-ն է ընդդիմություն, նույնքան էլ ԼՀԿ-ն, եւ պետք է պատգամավորներին հնարավորություն տալ ազատ կատարել իրենց ընտրությունը: Առավել եւս, որ ինչպես ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը իր ելույթում նկատեց, ԲՀԿ-ն մինչեւ վերջերս էլ չէր հայտարարում, որ լինելու է այս իշխանության ընդդիմությունը, իսկ իրենք առաջին օրից են ասել, որ լինելու են ընդդիմադիր: Այսինքն կառավարող ուժի կայացրած որոշումը արհեստական է ու որևէ քննադատության չդիմացող:

Այս քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ցույց է տալու, որ եւ գործադիր իշխանությունն է ինքը ղեկավարում, եւ օրենսդիր, փորձում է ամբողջական վերահսկողության տակ պահել խորհրդարանի աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում նաև միջամտել՝ պարտադրելով իր կամքն ու քմահաճույքը: Թե ԲՀԿ-ականները, թե ԼՀԿ-ականները այսօր ելույթներով փորձեցին համոզել, որ հենց իրենց թիմից պետք է լինի փոխնախագահ: Հանուն արդարության նշենք, որ Էդմոն Մարուքյանի թիմակիցներն ավելի համոզիչ էին: Թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ իշխանական խմբակցությունը բարդ ընտրության առջև է կանգնած. «Արդյո՞ք այն հիմնավորումը հնչելու էր դահլիճում, եթե հանկարծ քաղաքական 2-րդ ուժ դառնար ՀՀԿ-ն: Առնվազն անկեղծ չեք լինի, եթե ասեք՝ այո»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Ես համոզված էի, որ դուք, որպես քաղաքական մեծամասնություն, մեզ հետ պիտի բանակցեիք, որ հենց Մանե Թանդիլյանին առաջադրենք ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում, որովհետև Մանեն իր գիտելիքներով և անցած ճանապարհով կարող է զարդարել ցանկացած երկրի խորհրդարանի նախագահությունը: Բայց դուք որոշել եք գնալ այդ ճանապարհով, հարցը փաթեթավորել ձեր ճաշակով»: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է միայն օրենքի ուժով. «Դժվարանում եմ ասել՝ ԲՀԿ-ն, ավանդույթի համաձայն, հարմար պահի իրեն ինչ է կոչելու՝ այլընտրա՞նք, ոչ իշխանական ո՞ւժ, թե՞ ընդդիմություն»: Նա քաղաքական մեծամասնությանը կոչ արեց քաղաքական փոքրամասնությանը հնարավորություն ընձեռել քաղաքական օրակարգը ձևավորել ԱԺ դահլիճում. «Այդպես չվարվեցին նախկինները և ստացան հեղափոխություն՝ ի պատիվ ձեր առաջնորդի անցնցում և անարյուն: Ձեր քայլով դուք դուռ եք բացում նոր տարերային ցնցումների համար»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: