Բաց նամակ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին

Jan 14, 2019 Չի մեկնաբանվել

Մեծարգո տիկնայք և պարոնայք,

Ձեզ են դիմում 2019 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորից մի խումբ երիտասարդներ։

ԱԺ պաշտոնական կայքից ծանոթանալով ս/թ հունվարի 14-ին ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծին, հարկ ենք համարում հարցի վերաբերյալ ներկայացնել մեր դիրքորոշումը։

Դեռ 2018թ. դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է միավորել ՀՀ Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների նոր նախարարությունը կրելու է «ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» անվանումը։

Պարզ է դառնում, որ նախարարության անվանումից դուրս է մնում միայն «երիտասարդության» բառը, ինչն էլ ենթադրում է, որ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության պատասխանատու մակարդակն իջեցվելու է այժմյան փոխնախարարի պաշտոնի մակարդակից։ Սրան զուգահեռ մտահոգիչ է այն, որ նախարարությունների միացման արդյունքում պարզ չի, թե երիտասարդական քաղաքականության ճակատագիրն ինչ է լինելու, քանի որ դրա մասին չի նշվում որևէ տեղ։
Այս պահին գործող Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործում է երիտասարդական պետական քաղաքականության վարչությունը, որը համակարգում և իրականացնում է պետական երիտասարդական ծրագրեր, իսկ նույն նախարարության երիտասարդական հարցերով փոխնախարարը պատասխանատու է երիտասարդական քաղաքականության իրականացման և ոլորտի կայուն զարգացման համար։

ՀՀ-ում տարիներ ի վեր գոյություն ունի պետական երիտասարդական քաղաքականություն, որի պատասխանատուն եղել է ՍԵՀՆ նախարարի տեղակալը և այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մշակվել և ներ են դրվել «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգ»-ը, «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարություն»-ը, սկիզբն է դրվել երիտասարդական աշխատողների վերապատրաստման, պետական երիտասարդական քաղաքականության մասնակցային իրականացման համար ներ է դրվել պետական դրամաշնորհների թերևս ամենաթափանցիկ և իր տեսակով առաջին առցանց դրամաշնորհային www.cragrer.am համակարգը, որով դրամաշնորհներ են տրամադրվել երիտասարդական հասարակական կազմակերպություններին։ Պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում ստեղծվել է նաև «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որի շնորհիվ ՀՀ տարբեր քաղաքներում բնակվող երիտասարդներ հնարավորություն են ունեցել ներգրավվել տարբեր ոչ ֆորմալ կրթական և ուսուցողական ծրագրերի, հիշեցնենք, որ 2019 թվականին նաև ձեր sms քվեարկության շնորհիվ Վանաձորը ճանաչվեց 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Հարկ է նշել, որ փոխնախարարի մակարդակով համակարգվող ոլորտը խոսում է նաև պետության կողմից այդ ոլորտին տրվող առաջնահերթության և կարևորության մասին ու սա ՀՀ-ն ներկայանալի է դարձնում միջազգային հարթակներում։ Այս մակարդակի պետական մոտեցումը մեզ՝ տեղական մակարդակում աշխատողներիս հիմնավորություն է տալիս խոսել տեղական երիտասարդական քաղաքականության մասին և բանակցել ՏԻՄ-ի հետ երիտասարդական տեղական քաղաքականություն մշակելու հարցում։

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև հաճախ հնչող տեսակետին, թե երիտասարդական ոլորտը միայն երիտասարդների (16-30 տարեկան) համար է և այդ ոլորտի համար առանձին գերատեսչության անհրաժեշտություն չկա, հաճախ այն բնորոշվում է որպես տարիքային նախարարություն։

Պետք է նշենք, որ ըստ ՀՀ երիտասարդական պետական հայեցակարգի երիտասարդական քաղաքականությունը բացի երիտասարդներին անդրադառնում է նաև երիտասարդ ընտանիքներին, երիտասարդական հասարակական կազմակերպություններին և երիտասարդական աշխատողներին։

Այստեղից պարզ է դառնում, որ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավունքի կրողները և շահառուները միայն երիտասարդները չեն և այն շատ ավելի լավն ու ընդգրկուն է։ Դիմում ենք Ձեզ, խնդրանքով, որ ս/թ հունվարի 14-ի նիստին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը (հարց ուղղելու, ելույթ ունենալու) և խոսել ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության ճակատագրի մասին։

Մենք պատրաստ ենք հանդիպել Ձեզանից յուրաքանչյուրի հետ և ներկայացնել մեր մտահոգություններն ու փաստարկներն ավելի մանրամասն։

Հարգանքով՝

2019 թվականի տարվա երիտասարդական Վանաձորի մի խումբ երիտասարդներ

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Բաց նամակ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին”

Մեկնաբանել