Մոլորյալներն ու ՀՀԿ-ի հետապնդող ստվերը

Jan 16, 2019 Comments Off on Մոլորյալներն ու ՀՀԿ-ի հետապնդող ստվերը

7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը ընթանում է ուշագրավ դրվագներով: Հիմնականում փողոցային պայքարում թրծված երիտասարդներից ձեւավորված խմբակցության նորաթուխ պատգամավորները որքան հմուտ էին փողոց փակելու, հու-հու վանկարկելու եւ ասֆալտներին պառկելու հարցում, այնքան վախվորած օրենսդիր մարմնում:

Նրանցից շատերը մոլորվում են ԱԺ շենքում, ավելի ճարպիկները դիմում լրագրողների ու ստաժավորների օգնությանը, նորերն այնքան անտեղյակ են, որ նիստերի ընթացքում թեեւ կարող են ազատ ելումուտ անել դահլիճ, բայց մնում են մինչեւ ընդմիջում եւ ընդմիջման ժամին խորը հոգոց հանելով դուրս պրծնում դահլիճից: Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցուցանակները դեռեւս կախված է նրանց նախկին աշխատասենյակների վրա ու կարծես հետապնդում էր նոր իշխանություններին՝ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Բեգլարյանի, Տաճատ Վարդապետյանի, ինչպես նաեւ ՀՅԴ-ական պատգամավորների: Նիստը ուշագրավ է նաեւ այն առումով, որ ներկայացել է Գագիկ Ծառուկյանը: Ինպես նախորդ գումարման խորհրդարանում, այնպես էլ այս, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը՝ 74-ամյա Կնյազ Հասանովը։

Նա անկուսակցական է, խորհրդարանում ներկայացնում է քրդական համայնքը, պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ պարոն Հասանովն ավելի վարժ էր վարում: Առաջին նիստին մասնակցում էին նաև նախագահ Արմեն Սարգսյանը , կառավարության անդամները:

ԱԺ առաջին նիստը մեկնարկեց հետևյալ օրակարգով՝ ) հաշվիչ հանձնախմբի ստեղծում. 2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն. 3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ. 4) մշտական հանձնաժողովների ստեղծում. 5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ. 6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: Ժամը 15.00-ի դրությամբ խորհրդարանը հասցրել է նշված հարցերից դեռեւս երկուսին անդրադառնալ:

131 ձայնով գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Մինչ այդ նա ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ընդդիմադիր գործընկերների հարցերին: Արարատ Միրզոյանը իր ելույթն սկսեց սեպագիր արձանագրություններից ու էպոսից հատված մեջբերելով. «Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց… Դառնամ, զօղորմին տամ, Սանասարին, Բաղդասարին. Դառնամ, զօղորմի՛ն տամ Ջոջ Մհերին. Դառնամ, զօղորմի՛ն տամ թառլան Դավթին, Դառնամ, զօղորմի՛ն տամ Փոքր Մհերին, Դառնամ, զօղորմի՛ն տամ Սասնա տան մեծին ու պստիկին…»:

Արարատ Միրզոյանը խոսեց թավշյա հեղափոխության արժեքների մասին, ասաց, որ հեղափոխությունից հետո ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս իր առաջնային առաքելությունն է համարել հնարավորն ու անհնարինն անել, որ պետական կառավարման մեքենան սահուն անցում ունենա ու ավելի արդյունավետ աշխատի. «Այժմ ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը»: Ապա խոստացավ խորհրդարանը դարձնել ավելի նախաձեռնող, չդառնալ կառավարության օրենքների դակիչ մարմին, հավասարություն հաստատել նույնիսկ պատգամավորների աշխատասենյակների հարցում, որպեսզի մեկը չունենա երեք սենյականոց աշխատասենյակ, մյուսը մի փոքրիկ տարածք:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: