Հարվածներ ու սպառնալիքներ Հայաստանի հարևաններին

Jan 16, 2019 Comments Off on Հարվածներ ու սպառնալիքներ Հայաստանի հարևաններին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցյալ տարվա սեպտեմբերին Իրանին հարվածներ հասցնելու խնդրանքով դիմել է Պենտագոնին, հիշեցնում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան իշխանությունների նախկին և ներկա ներկայացուցիչներին:

Պարբերականի տվյալներով, ամերիկյան պաշտպանության նախարարությանը նման խնդրանքի պատճառ է հանդիսացել Բաղդադում ամերիկյան դեսպանատան տեղակայման վայրում ականանետից երեք կրակոցի արձակումը: «Դա միանշանակ ցնցեց մարդկանց: Անհասկանալի է, թե ինչ անմիջականությամբ էին նրանք խոսում Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ»,- ասել է ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակիցը

Ըստ պարբերականի, Պենտագոնը բավարարել է Ազգային անվտանգության խորհրդի պահանջը: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե որքանով է նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված եղել նախապատրաստվող հարվածի մասին: Wall Street Journal-ը նշում է, որ Բոլթոնի ներկայացրած միջնորդությունը վկայում է Իրանում ԱՄՆ զինված ուժերի «լուրջ ծրագրերի» մասին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Իրանի վրա ճնշման «կրկնապատկման» մասին:

Բացի այդ, Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ սիրիացի քրդերի վրա հարձակման դեպքում: «Սկսում ենք Սիրիայից զորքերի երկար սպասված դուրսբերումը՝ միաժամանակ հարված հասցնելով տարածքային մնացյալ փոքրիկ խալիֆայությանը՝ ԴԱԻՇ-ին («Իսլամական պետություն») և բազմաթիվ կողմերից: Կրկին կհարձակվենք մերձակայքում գտնվող բազաներից, եթե այն վերաձևավորվի: Թուրքիային կճնշենք տնտեսապես, եթե այն հարվածի քրդերին»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

2018-ի հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարել է Եփրատից արևելք սիրիացի քրդերի դեմ ծավալուն գործողության մասին:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն Սպիտակ տան ղեկավարը հրահանգել է գաղտնի պահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախկինում կայացած հանդիպումների մանրամասները:

The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը լուրջ միջոցների է դիմել՝ Պուտինի հետ հանդիպումների մանրամասները թաքցնելու նպատակով: «Առնվազն մեկ անգամ` 2017-ի հուլիսին Համբուրգում կայացած հանդիպումից հետո, Թրամփն առգրավել է իր թարգմանչի նոթերը և հրահանգել նրան որևէ այլ ամերիկացի պաշտոնյայի հետ չքննարկել Պուտինի հետ բանակցությունների դետալները»,- գործող և պաշտոնաթող ամերիկացի դիվանագետներին վկայակոչելով՝ գրում է The Washington Post-ը: «Ես որևէ բան չեմ թաքցնում», – անցած գիշեր Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցում հակադարձել է Թրամփը:

Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող գերմանական ընկերությունների նկատմամբ:

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը զգուշացրել է մի շարք գերմանական ընկերություններին, որ դրանց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության շրջանակներում համագործակցելու համար, գրում է գերմանական Bild am Sonntag թերթը` պնդելով, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նման բովանդակությամբ պաշտոնական նամակ է հղել գերմանական ընկերությունների ղեկավարներին: «Ձեր գործունեությունը շաղկապված է պատժամիջոցների կիրառման զգալի ռիսկի հետ: Այն ընկերությունները, որոնք աջակցում են «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարարերի շինարարությանն, ակտիվորեն խաթարում են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը», – գրում է ԱՄՆ դեսպանը:

Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում դառնում է ավելի ու ավելի կոշտ թե՛ Հայաստանի հարևաններից երկուսի, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ:

Եթե Իրանի նկատմամբ քաղաքականությունն ավելի կոշտ դառնա, ապա Հայաստանը ստիպված է լինելու կրկին Վաշինգտոնին բացատրել Հայաստանի համար կենսական նշանակության՝ Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: