Կտրվի կրճատումների մեկնարկը

Jan 15, 2019 Comments Off on Կտրվի կրճատումների մեկնարկը

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալու ենք 12-ը, ընդգրկված է հունվարի 14-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Խորհրդարանն այդ օրը ընտրելու է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, ինչպես նաև հաստատելու է կառավարության նոր կառուցվածքը։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարներից: Ներկայումս գոյություն ունեցեղ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվելու է։

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝

  • աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  • առողջապահության նախարարություն
  • արդարադատության նախարարություն
  • արտակարգ իրավիճակների նախարարություն
  • արտաքին գործերի նախարարություն
  • բնապահպանության նախարարություն
  • կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
  • պաշտպանության նախարարություն
  • տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  • բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն
  • տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  • ֆինանսների նախարարություն

Նախագծի համաձայն՝ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորվում են կրթության և գիտության նախարարությանը, և ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դառնալով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրությունը ուժը կորցրած է ճանաչվում: Սփյուռքի նախարարության լուծարման առնչությամբ սփյուռքի մի շարք կառույցներ դժգոհություն են հայտնել, ինչպես նաև Արամ Ա կաթողիկոսը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Վերջինս հայտարարեց, թե  նախարարության լուծարումը չի նշանակում, որ կառավարությունը չի զբաղվելու Սփյուռքի հարցերով։ Հակառակը՝ կառավարությունն իր կազմում ստեղծում է նոր կառույց, որն ավելի արդյունավետ է զբաղվելու սփյուռքի հարցերով։

Ինչ վերաբերում է մնացած նախարարությունների միավորմանը կամ լուծարմանը․ գործընթացը լինելու է ցավոտ և ունենալու է սոցիալական վատ հետևանքներ, քանի որ միավորման արդյունքում բազմաթիվ աշխատողներ կորցնելու են աշխատանքը։ Բայց եթե հարցին մոտենանք զուտ կառավարման արդյունավետության տեսանկյունից, այստեղ դրված է պետական ապարատի բեռնաթափման տրամաբանությունը, որի մասին վաղուց է խոսվում։ Ի դեպ, նախարարությունների օպտիմալացման ծրագիրը նոր չէ․ այն մշակվում էր դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Դեռևս Հովիկ Աբրահամյանի, ապա նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մի քանի նմանատիպ մոդելներ քննարկվել են։ Այժմ շրջանառության մեջ դրված տարբերակը նախկինում մշակված տարբերակներից մեկն է։ Նախկին իշխանությունները այդ հարցերի մասին խոսում էին ոչ հրապարակավ՝ հաշվի առնելով  խնդրի սոցիալական կողմը, որն իրականում ամենակարևոր հարցերից է։ Բայց դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կար խոսակցություն, որ 2018 թվականի ապրիլից հետո այդ կրճատումները լինելու են։

Դատելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից՝ կառավարման ապարատի նոր մոդելը պետք է խրախոսւսի մասնագետների աշխատանքը և հնարավորինս կրճատի պետերի քանակը։ Պետերը, ի դեպ, ավելի բարձր են վարձատրվում, քան մասնագետները։ Նախարարությունները՝ որպես ոլորտային քաղաքականություն իրականացնող կառույցներ, ունեն բովանդակային և սպասարկող վարչություններ։ Այդպիսիք են, օրինակ, իրավաբանական, ֆինանսական, լրատվական, անձնակազմի կառավարման վարչությունները, քարտուղարությունը, ընդհանուր բաժինը և վերջապես աշխատակազմը՝ իր ղեկավարով, տեղակալներով և այլ հաստիքներով։ Միավորումների դեպքում հզորացած նախարարություններում կավելանան բովանդակային վարչությունները, իսկ սպասարկողները կմնան նույնը, ինչի հաշվին էլ տեղի կունենա կրճատումն ու բեռնաթափումը։ Հիմնական խնդիրը կադրերի ճիշտ ընտրությունն է լինելու․ ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են որոշելու՝ ում կրճատել, ում՝ ոչ։ Պրոֆեսիոնալիզմի գնահատման չափանիշները պետական կառավարման համակարգում հստակեցված չեն, և դա առաջ է բերելու օբյեկտիվ բարդություններ և դժգոհություններ։

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: