Հայատյացությունն ու աշխարհի լռությունը

Jan 14, 2019 Comments Off on Հայատյացությունն ու աշխարհի լռությունը

«Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը ժամանակային սահմանափակումներ չի դնում: Եթե այդուհանդերձ խոսենք ժամանակի մասին, մենք միշտ կողմ ենք, որ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի: Ցավոք, սա երկարատև հարց է: Ինչը կախված կլինի Ռուսաստանից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և մի երկիր, որը ընդհանուր պատմություն ունի թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ, Ռուսաստանը կանի», – այս տարի հրավիրված այս տարվա առաջին մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե ինչպես Ռուսաստանը պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2019 թվականին՝ ասել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում էր Հայաստանի և Ադրբեջանի թե՛ արտգործնախարարների և թե՛ նախագահների հանդիպումների կազմակերպելու հարցում: Նախագահների շուրջ տասը հանդիպում էր կազմակերպվել: Ռուսաստանի այս նախաձեռնությունը, սակայն, տապալվել էր 2011-ին Կազանում:

Այսօրվա ասուլիսին Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանից պարբերաբար արտաքսվող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների հարցին՝ հայտարարելով, թե Ադրբեջանից էթնիկ հայերին արտաքսելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և դա չի արտացոլում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգին: «Անցյալ տարի մեզ հայտնի են դարձել առնվազն 16 դեպք, երբ էթնիկ ծագման պատճառով ռուսաստանցիներին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան», – ասաց Զախարովան՝ հավելելով, որ նման դեպքերը, ցավոք, վերածվում են վատ ավանդույթի, սխալ ավանդույթի:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցյալ տարի մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի 16 քաղաքացու մուտքն Ադրբեջան մերժվել է էթնիկական նկատառումներով», – ասել է նա: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել: «Նշված փաստերը, մեր կարծիքով, համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում», – ընդգծել է Զախարովան: «Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել է Զախարովան:

Ահա, պաշտոնական Բաքուն, բավական բուռն արձագանքել է Զախարովայի հայտարարություններին՝ բավական կոպիտ և ոչ դիվանագիտական տոնով:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական է որակել:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա: «Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»:

Խոսնակը նշել է, որ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս: Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հատվածին, որում նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,-նշել է խոսնակը:

Այն, որ ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում աշխարհի բոլոր հայ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա, դա նորություն չէ:

Ավելի կարևոր է, թե պետությունները այդ հիմքն ընդունելով որպես ի գիտություն՝ ինչ եզրահանգումներ են անում իրենց համար: Կարո՞ղ է հայատյացություն քարոզող և այդ հիմքով գործող իշխանությունը Արցախի հայության անվտանգություն ապահովել…

Հետևաբար, ինչու՞ միջազգային հանրությունը և կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին, որ իրենց երկրի հայազգի քաղաքացիներն էլ Ադրբեջան մուտք գործելու իրավունք չունեն՝ հայ լինելու համար:

Եթե Ադրբեջան այդ պրակտիկան երկու տասնամյակից ավելի չի վերացնում՝ էլ հայերի հետ ինչ խաղաղ ապրելու մասին կարող է խոսք լինել: Ինչպե՞ս հայատյացության վրա հիմնված իշխանությունը լեզու գտնելու, էլ չենք ասում՝ զիջումների գնալու և երկրի քաղաքացիների բացատրելու իր քայլը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: