Հունվարի 8-ին նշանակված նիստը ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով

Jan 12, 2019 Comments Off on Հունվարի 8-ին նշանակված նիստը ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  (ՀՀԿ) խմբակցության պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության  (ՀՀԿ)  կողմից իշխանության յուրացման դեպքերի վերաբերյալ:

2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշում չկայացնելը, բողոքարկվել է դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (Երևան, Գյուլիքևխյան 20, նախագահող դատավոր Արմեն Վարդապետյան)  2019 թվականի հունվարի 8-ին նշանակված նիստը կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով:

Այսպես կոչված` «հեղափոխությունից» անցել է շուրջ 8 ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ըստ էության, շարունակվում են անտեսվել Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ապօրինությունները, որոնց չի տրվում քրեա-իրավական գնահատական: Այդ 8 ամիսները (որոնցից 6-ը Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը անց են կացրել համատեղ նույն բնակատեղիում) վկայում են Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի` փաստացի խորը, համապարփակ և գործնական հարաբերությունների մասին: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևումը մոռացության է մատնել նաև 2014 թվականի դեկտեմբերի 1-ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը  Սերժ Սարգսյանին պաշտոնանկ (impeachment) անելու վերաբերյալ (տես` https://www.azatutyun.am/a/26719125.html): Այս նախագծով Նիկոլ Փաշինյանը 10 տարբեր դեպքերով մեղադրում էր Սերժ Սարգսյանին հանցագործությունների կատարման մեջ:

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևումը և Սերժ Սարգսյանի վերաբերյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներից հրաժարվելն ակնհայտ են դարձնում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեղափոխության գործարքը: Անկախ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և Նիկոլ Փաշինյանի կողմից դրսևորված հանցավոր անգործությունից` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը շարունակելու է պահանջել իրավական և քաղաքական գնահատական տալ քառորդդարյա բռնապետութան սպասարկուներին:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

09 հունվարի  2019

Երևան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: