Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը

Jan 12, 2019 Comments Off on Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական է որակել:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»:

Խոսնակը նշել է, որ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս:

Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հատվածին, որում նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,-նշել է խոսնակը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: