Վահագն Հարությունյանի փաստաբանը պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին

Jan 12, 2019 Comments Off on Վահագն Հարությունյանի փաստաբանը պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն  Հարությունյանի փաստաբանը  հաղորդում է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ իր պաշտպանյալին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը քննած դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ Մեր տեղեկություններով՝ միջնորդությունն առանց պաշտպանական կողմի մասնակցության քննել ու որոշում է կայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Պաշտպանական կողմը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենիցայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ դատարանը պաշտպանական կողմին՝ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, պատշաճ կերպով չի ծանուցել  նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ այդպիսով թույլ տալով մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտմանը։

Փաստաբանը խնդրել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցել  կարգապահական վարույթ եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել բարձրագույն դատական խորհրդին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: