Ինչի մասին են լռում Գազպրոմ Արմենիան և Հայաստանի կառավարությունը

Jan 13, 2019 Comments Off on Ինչի մասին են լռում Գազպրոմ Արմենիան և Հայաստանի կառավարությունը

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում մասնագիտական և քաղաքական գնահատական տալ Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացմանը․ ի՞նչ տնտեսական և սոցիալական հետևանանքեր կունենա այս թանկացումը։

Նախ արձանագրենք, որ նախորդ տարվա ամենավերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, հայտնի դարձավ, որ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 2019 թվականից 1000 խմ դիմաց մեր երկիրը կվաճարի 165 դոլար, նախկին 150 դոլարի փոխարեն։

Ու թեպետ և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն է արվել, որ սահմանագլխին գազի գնի թանկացումը բնակիչներին մատակարարվող սպառողական գնի վրա չի ազդելու, միևնույնն է, այդ մասին դեռևս որևէ հստակեցում չի արվել գազամատակարար ընկերության՝ <<Գազպրոմ Արմենիայի>> կողմից։ Գազպրոմ Արմենիան ռուսական Գազպրոմի դուստր ձեռնարկությունն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական կողմին։ Այսինքն՝ այս ընկերությունը հաշվետու է ոչ թե Հայաստանի կառավարությանը /դա նախորդ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով մեզ թողած ժառանգությունն է/, այլ ռուսական Գազպրոմ ընկերությանը։ Հայաստանի վարչապետը կամ փոխվարչապետը, Գազպրոմ Արմենիայի ղեկավարության փոխարեն, իրենց իրավունք են վերապահում հրապարակային պնդումներ անել, թե ընկերությունը սեփական ծախսերի օպտիմալացման հաշվին կփոխհատուցի հունվարի 1-ից սահմանին 15 դոլարով գազի թանկացումը, որպեսզի սպառողների համար գինը չփոխվի։

Հատկանշական է, որ առ այսօր Գազպրոմ Արմենիա ընկերությունը նման պատրաստակամություն չի հայտնել։ Ավելին՝ նախկինում, երբ վարչապետի պաշտոնում հայտնի գազպրոմական Կարեն Կարապետյանն էր, ում, ի դեպ, հաջողվել էր պահպանել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի միջպետական ցածր սակագինը , Գազպրոմ Արմենիա ընկերությունը հրաժարվում էր նվազեցնել գազի սակագինը մարժայի և ընկերության ծախսերի նվազեցման հաշվին՝ պնդելով, որ նման հնարավորություն իրականում չկա։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ այդ հնարավորություններն առկա են այսօր։ Ի վերջո, ի՞նչ պետք է անի վարչապետ Փաշինյանը, եթե Գազպրոմ Արմենիան, հիմք ընդունելով 15 դոլար մեծածախ գնի թանկացումը, դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի բարձրացման առաջարկով։ Այստեղ կա թերևս միայն մեկ ճանապարհ՝ գազի գնի բարձրացված մասի սուբսիդավորում՝ պետական բյուջեից, որն ամենաանցանկալի և անթույլատրելի տարբերակն է, որովհետև բյուջեի միջոցները գոյանում մեր՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից, և դրանք, սակագնի սուբսիդավորման փոխարեն, կարող են ուղղվել զարգացման ծրագրերին, աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը։

Եթե անգամ հաջողվի հասնել նրան, որ գազի սպառողական սակագինը չփոխվի, միևնույնն է, սակագնի բարձրացումը բացասական է անդրադառնալու մեր երկրի տնտեսության վրա։ Սակագնի թանկացումը հանգեցնելու է Գազպրոմ Արմենիա ընկերության շահույթի նվազեցմանը, որպես հետևանք՝ համպատասխանաբար նվազելու են նաև ընկերության կողմից պետությանը վճարված հարկերը։

Այս հարցերի մասին սակայն առայժմ և՛ կառավարությունը, և՛ Գազպրոմ Արմենիան լռում են։ Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին․ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին, իսկ Կրեմլը թանկացնում է գազի գինը՝ Հայաստանի համար սահմանելով հետխորհրդային տարածքի երկրորդ ամենաբարձր գինը ՝Ուկրաինայից հետո։ Սա Կրեմլի հետ փայլուն հարաբերությունների  դրսևորո՞ւմ է, թե պատիժ՝ Ռոբերտ Քոչարյանին բանտախուց ուղարկելու դիմաց։

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: