Մինչև որ կթքեն Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա

Jan 12, 2019 Comments Off on Մինչև որ կթքեն Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա

Նոր Հայաստանի հանրային կյանքի շարժիչ իրադարձությունը հետզհետե դառնում է զոմբիների բազմակողմանի գրոհը։ Սա  դառնում է վտանգավոր և կործանարար միտում պետական և հանրային ինստիտուտների և առաջին հերթին օրվա իշխանության համար։

Ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին թքել փաստաբանի մեքենայի վրա։ Խոսքը Մանվել Գրիգորյանի փաստաբանի մասին է, ում մեքենայի վրա ոմն խուլիգան համարձակվել է թքել, քանի որ նրան դուր չեն եկել պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ արտահայտած ինչ-որ մտքեր։ Սա, բառիս բուն իմաստով, խայտառակություն է, հնարային հետապնդում և ճնշում, մասնագիտական գործունեության ոտնահարում, մարդու իրավունքների կոպիտ խախտում, որը իրավապահ մարմիններն անտեսելու իրավուք ուղղակի չունեն։ Ցանկացած մեղադրյալ, կասկածյալ, անգամ արդեն դատարանի կողմից մեղավոր ճանաչված հանցագործ փաստաբան ունենալու իրավունք ունի, և այդ փաստաբանի վրա հարձակվելը, նրան պարսավելը,  հայհոյելը, նրա վրա թքելը խոււլիգանական արարք է, որի համար Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված։

Կադրերը տարածված են համացանցում, և դրանք պետք է ոստիկանության կողմից ընդունվեն որպես հողորդում հանցագործության մասին։ Հակառակ պարագայում, նույն հաջողությամբ հետհեղափոխական զոմբիները կսկսեն հայհոյել Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ այլ նախկին իշխանավորի կամ պարզապես իրենց առանձնապես դուր չեկող անձի դատավարությունը լուսաբանող լրագրողներին, այդ նույն անձանց բուժող բժիշկներին, նրանց մազերը հարդարող վարսավիրներին, այդ մարդկանց տեղափոխող տաքսու վարորդներին և այսպես շարունակ։ Այսինքն՝ մենք այսօր հայտնվել ենք մի վտանգավոր իրավիճակում, երբ մասնագիտական գործունեությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր։

Եթե օրվա իշխանությունը այս երևույթի դեմ հետևողական պայքար չմղի, ապա շատ արագ հեղափոխության շղարշի տակ թաքնվող, հայհոյող, թքող ու պախարակող զոմբիները դուրս կգան նույն իշխանության դեմ և թերևս մի օր էլ կթքեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի վրա։ Պարտադիր չէ, որ բանը հասնի այդ աստիճանի, վտանգն ակնհայտ է նաև այսօր։ Այդ մարդկանց իրավագիտակցության և արժեհամակարգային ցածր նշաձողը, որն առայժմ բավարարվում է հանրային տեսարանների խաղարկմամբ, մի օր այլ պահանջների կարիք ևս կունենա, մի օր էլ նրանց դուր չի գա այս կամ այն իշխանավորի քայլը, և այդ ամբոխը, որն արդեն սովորել է ինքնադատաստանի ձևը, կթքի պետության վրա։

Չի կարելի թույլ տալ, որ խուլիգանությունը որակվի որպես հեղափոխական արժեք։ Դրանից ամենաշատը վտանգվում է հեղափոխությունը։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: