Հարևանների խանդն ու մեր մշուշոտ ապագան

Jan 12, 2019 Comments Off on Հարևանների խանդն ու մեր մշուշոտ ապագան

Բրիտանական Economist intelligence unit -ը, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում:

Հեղինակավոր կենտրոնը նշել է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»: Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում, հայտնում է «Ազատությունը»։

«Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», – արձանագրում է Economist intelligence unit -ը: Անցած տարվա առաջընթացը, ի դեպ, աննախադեպ է Հայաստանի համար և ամենամեծը այս ուսումնասիրության մեկնարկից՝ 2006 թվականից ի վեր: Տասը բալանոց համակարգով, մասնավորապես, անցած տարի Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ նախորդ տարվանից գրեթե մեկ միավորով ավելի, այն դեպքում, երբ տարիներ շարունակ կա՛մ դոփում էր տեղում, կա՛մ՝ նահանջ արձանագրում:

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանությունը պահելու փորձի դեմ սկսված թավշյա հեղափոխությունը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում», -արձանագրում է բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ հավելելով․ – «Փաշինյանի դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում, և ձայների գերակշռող մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Այս զարգացումները, ինչպես նաև Փաշինյանի հակակոռուպցիոն արշավը բարելավեցին Հայաստանի գնահատականները կառավարության հաշվետվողականության և թափանցիկության ոլորտներում: Այդ փոփոխությունների արդյունքում էապես բարելավվել է նաև կառավարության ու քաղաքական կուսակցությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահությունն ու կոռուպցիայի ընկալման ցուցիչը», – հայտարարում է բրիտանական հանդեսի վերլուծական կենտրոնը:

Հետազոտության թվերը փաստում են, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում. այստեղ Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո ստացել է նախորդ տարվանից գրեթե երկու անգամ ավելի բարձր գնահատական: Ավելի վաղ՝ անցած տարեվերջին բրիտանական Economist-ը Հայաստանը ճանաչել էր տարվա երկիր՝ տասներկու ամիս շարունակված բարեփոխումների համար:

«Պուտինյան դրածոն արտաքսվեց՝ առանց գեթ մեկ զոհի: Անհանգիստ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարներ տեսած ազգը այժմ ժողովրդավարության և արդիականացման հնարավորություն է ձեռք բերել», – արձանագրել էր հեղինակավոր հանդեսը։

Ի տարբերություն Հայաստանի, հարևան Վրաստանը անցած տարի ժողովրդավարության առումով զգալի անկում է արձանագրել, ընդ որում, անկման տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայում: Բրիտանացի փորձագետները փաստել են, որ մայիսին երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ մեծ քաղաքականություն, ու թեև պաշտոն չէր զբաղեցնում, բայց կուլիսներից էր ուղղորդում կառավարության քաղաքականությունը:

Իսկ ահա Ադրբեջանը որևէ փոփոխություն չի արձանագրել՝ Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ մնալով բռնապետական երկրների շարքում:

Economist intelligence unit-ն, կամ՝ այս, կամ այն արևմտյան պարբերականի դիրքորոշումը, Հայաստանյան իրադարձություններին նրանց անդրադարձն իհարկե, ոգևորիչ է: Անցյալ ապրիլին տեղի ունեցածը, իհարկե, արևմտյան շատ կառույցների, պարբերականների համար գրավիչ է՝ այն առումով, խաղաղ, անարյուն իշխանափոխություն է տեղի ունեցել:

Բայց կպահանջվի ժամանակ, որ նույն արևմտյան կառույցները գիտակցեն, որ առայժմ խորքային բարեփոխումներ Հայաստանում չեն իրականացվել, իսկ խաղաղ իշխանափոխությունը երաշխիքը Հայաստանի զարգացման գրավական չէ: Կարևորը իշխանության տեսլականն է, թե ինչ հունով պետք է զարգանա պետությունը, ինչպես, ինչ քայլերով, որոնք առայժմ հայտնի չեն:

Հետաքրքրական է, որ Economist intelligence unit –ի զեկույցի տվյալները խանդ է առաջացրել հարևան Վրաստանում: «Եթե եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր»,- այսպես է անդրադարձել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հետազոտությանը, որի համաձայն, Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Վրաստանը ժողովրդավարության ցուցանիշով ամենակտրուկ անկումն է գրանցել:

«Վրացական երազանք» խմբակցության ներկայացուցչի խոսքով, նախագահական ընտրությունների հետ կապված նկատառումները հաշվի կառնվեն, սակայն Վոլսկին ընդգծել է, որ երկրում ժողովրդավարության մակարդակը «բավականին բարձր է»:

«Ընտրությունների հետ կապված որոշ նկատառումներ կային, որոնք թեև ընտրությունների արդյունքի վրա չեն ազդել, սակայն այդ նկատառումները հաշվի կառնվեն: Եթե մեր եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր: Սակայն փաստ է, որ ժողովրդավարության մակարդակը, կառավարման համակարգն ու բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերում են բիզնեսին, ԶԼՄ-ների ազատությանը, թեկուզ դատարանին, բավական բարձր է, ինչով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: