Զրնգուն ապտակ Եվրոդատարանից՝ Ալիևին

Jan 12, 2019 Comments Off on Զրնգուն ապտակ Եվրոդատարանից՝ Ալիևին

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան երեկ Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ:

Ստրասբուրգյան դատարանը արձանագրեց, որ ադրբեջանցի իրավապահները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել լրագրողի անձնական կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության գործով: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար:

Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ սեռական բնույթի լուսանկարներ, ապա՝ տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում հայտնվեցին։

Դրան հաջորդեց Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ:

Հետագայում լրագրողն իր բնակարանում հայտնաբերեց բազմաթիվ թաքնված տեսախցիկներ և երկրորդ գաղտնի հեռախոսագիծ։ Այս և մյուս փաստերը քննության առարկա դարձան նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, որոշ քայլեր արվեցին, այդ թվում՝ հարցաքննվեց Իսմայիլովան, հայտնաբերվեց հեռախոսագիծն անցկացնողը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր նաև, որ հարցաքննել է հնարավոր բոլոր վկաներին, լրագրողի նախկին սիրեցյալին, մերձավորներին և ընտանիքի անդամներին: Մեղավորներ, սակայն, այդպես էլ չգտնվեցին: Տեղում դոփող հետաքննության մասին իր զեկույցում երկրի գլխավոր դատախազությունը հրապարակեց առանց այդ էլ պետական քարոզչամեքենայի թիրախը դարձած լրագրողի անձնական տվյալները՝ ընդհուպ նրա տան հասցեն։

Տարիներ շարունակ լրագրողն ապարդյուն փորձում էր հասնել իրեն պախարակող արշավի կազմակերպիչների բացահայտմանը, սակայն քննությունը ձգձգվեց այնքան, մինչև լրագրողն ինքը բանտարկվեց: Տարիներ շարունակ Ալիևների թաքցրած գումարներն օֆշորներում բացահայտած լրագրողը յոթուկես տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ նրա՝ մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքներից մեկում Խադիջա Իսմայիլովան մասնավորապես պնդել է, որ պետությունն է պատասխանատու իր անձնական կյանք ներխուժելու համար՝ հատկապես սպառնալից նամակների և իր ննջասենյակում տեղադրված բազմաթիվ թաքնված տեսախցիկների, ինչպես նաև համացանցում իր սեռական կյանքի մանրամասների հրապարակման համար։ Լրագրողի համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները՝ չի պաշտպանել իր անձնական կյանքի իրավունքը և անձեռնմխելիությունը, ոչ էլ արդյունավետ հետաքննություն է իրականացրել մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։

Երեկ Եվրոդատարանից ևս մեկ ապտակ արձանագրվեց Ալիևի վարչակազմին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: