Դեսպանատներ են փակվում. «Փող չկան»՝ «Նոր Հայաստանի» շարժիչ ուժ

Jan 10, 2019 1 Comment

Հայաստանի դիվանագիտական կորպուսում ակտիվ տեղաշարժեր, նոր նշանակումներ են:

Կադրային դիվանագետների տարբեր երկրներում դեսպաններ են նշանակում՝ ազատվելով որոշ նախկիններից: Կարեն Նազարյանն օրերս Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց՝ փոխարինելով 2013 թվականից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնուն՝ Միքայել Մինասյանին:

Տիգրան Սեյրանյանը Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչվեց և Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվեց, Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվեց, Արտակ Ապիտոնյանն էլ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչվեց՝ վարչապետի առաջարկություններով:

Անցյալ տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել էր Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:

Մամուլում դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանք:

Ինչպես հայտնի դարձավ «Հայելի»-ին, օրերս, Դանիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հավաքի ժամանակ, Ալեքսանդր Արզումանյանը շնորհավորել է հայ համայնքի ներկայացուցիչների Ծննդյան տոները, և լուր հայտնել, որ Դանիայի Թագավորություն դեսպանությունը կփակվի, և ինքն, ըստ ամենայնի կտեղափոխվի Շվեդիա՝ որտեղ էլ կհամատեղի մի քանի երկրների դեսպանատների աշխատանք: Ըստ Արզումանյանի՝ Հայաստանի երիտասարդ կառավարությունը վարում է կրճատման քաղաքականություն և Դանիայում ՀՀ դեսպանատան փակելը հենց դրանով է պայմանավորված:

Փաշինյանի կառավարության օպտիմալացումը ինչ-ինչ նախարարությունների դեպքում դեռ կարելի է բացատրել, թեև անհասկանալի է, թե այդ կրճատումների արդյունքում գործազուրկ դարձածների խնդիրն ինչպես է լուծելու պետությունը, առաջարկելու արտագաղթի ճամփան բռնե՞լ…

Բայց այստեղ լիովին անհասկանալի է «Նոր Հայաստանի» հռչակած քաղաքականության հետ միասին երկրի արտաքին իմիջի ձևավորման տեսակետից ամենակարևոր հիմքի՝ դեսպանատների օպտիմալացման գաղափարը: Նախ հասկանալի է, որ՝ Փաշինյանի կառավարության համար արդեն փաստ է՝ «փող չկա»: Տրամաբանությունը ո՞րն է, եթե «փող չկա», ուրեմն, ամեն ինչ փակել, մարդկանց թողնել դո՞ւրսը…

Բացի այդ, դեսպանատներ բացելը, դրանց թիվը մեծացնելը, դրանց գործունեությունը զարգացնելը պետք է լինի պետության գլխավոր նպատակը: Բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Փաստորեն, Փաշինյանի կառավարությունը հայտարարում է՝ «Նոր Հայաստան», բայց այդ գաղափարը արտաքին աշխարհում ձևավորելու համար ամենակարևոր գործիքները փակում է:

Ի վերջո, դեսպանատաները կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային գործունեություն են ծավալում, չհաշված՝ այդ երկրների հայերի խնդիրները: Առաջնորդվելով հետևյալ սկզբունքով՝ «այստեղ շատ հայ չկա, մեր ինչին է դեսպանատուն» ասելով, նշանակում է պետության իշխանության համար կարևորը այս կամ այն երկրում ապրող հայերի թիվն է բացառապես, այլ ոչ թե՝ այդ երկրի իշխանության հետ քաղաքական, տնտեսական-մշակութային ծրագրերն ու համագործակցության խորացումը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Դեսպանատներ են փակվում. «Փող չկան»՝ «Նոր Հայաստանի» շարժիչ ուժ” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    BARONAYK AYS HNTIR VOJ TE TRAM JKA ASELOV AYL VRJNAKAN HZUM A ARDASAHMANI HYUTYAN HED AYSBES NKOL IR UZAJIN BES TAVAJANUTYUN CHARUNAQE JHASKANALU BETK JKA ???