Նորից ձերբակալություններ, հացադուլ, կոչեր՝ Ալիևի վարչակազմին

Jan 09, 2019 Comments Off on Նորից ձերբակալություններ, հացադուլ, կոչեր՝ Ալիևի վարչակազմին

Ադրբեջանցի երեք ակտիվիստներ հացադուլ են հայտարարել ի նշան համերաշխության բլոգեր Մեհման Հուսեյնովի հետ, ով բանտում դեկտեմբերի 26-ից ի վեր սնունդ չի ընդունում՝ ի նշան բողոքի իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի:

Հացադուլին է միացել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամ Թոֆիգ Յագուբլուն և Քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Ընդդիմադիր ակտիվիստ Թոֆիգ Մամեդլին բողոքի այդ ծայրահեղ քայլին է դիմել՝ հունվարի 3-ին:

2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծելու հոդվածով, ինչը նախատեսում է ավելի երկարաժամկետ ազատազրկում:

Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, ազդեցիկ քաղաքական գործիչներ Ալիևի վարչակազմին կոչ են անում անհապաղ ազատ արձակել բլոգերին, ով մինչ ազատազրկումը զբաղվում էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին բացահայտումներով:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ազատազրկման դատապարտված ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է տեղեկատվություն հացադուլ հայտարարած բլոգերի առողջական ծանր վիճակի և նրան առաջադրված նոր կեղծ մեղադրանքի մասին: Աղբյուրի փոխանցմամբ, միջազգային կառույցները Գուտերեշին կոչ են արել քայլեր ձեռնարկել Մեհման Հուսեյնովի պաշտպանության ուղղությամբ:

2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին դեկտեմբերի 26-ին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու հոդվածով: Ի նշան բողոքի` Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ կորցրել է գիտակցությունը:

Նախօրեին Բաքվում Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ ձերբակալվել են: Միջազգային հանրության կոչերին է միացել նաև ամերիկացի ազդեցիկ սենատոր հանրապետական Մարկո Ռուբիոն։ «Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը շարունակում է մնալ բանտում՝ կեղծ մեղադրանքներով: Հացադուլի պատճառով նա հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նրան»,- Թվիթերում գրել էր ամերիկացի սենատորը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: