Կյանքի մի կռիվ նա արդեն հաղթել է. ինչ է հայտնի Շումախերի առողջականի մասին նրա 50-ամյակի օրը

Jan 05, 2019 Comments Off on Կյանքի մի կռիվ նա արդեն հաղթել է. ինչ է հայտնի Շումախերի առողջականի մասին նրա 50-ամյակի օրը

Հունվարի 3-ին, գերմանացի ավտոարշավորդ,  «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը նշում է ծննդյան 50-ամյակը: 2013 թվականին նա գանգուղեղի ծանր վնասվածք էր ստացել:

Մինչ այս, մարզիկի առողջական վիճակի մասին տեղեկությունները գաղտնի են պահվել: Eurosport-ը փորձել է որոշ եզրակացություններ անել և հասկանալ, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Շումախերը:

Միխայելն ասել է, որ ցանկանում է իր առողջականի մասին տեղեկությունները գաղտնի մնան

Միխայել Շումախերի կինը՝ Կորինան, մարզիկի 50-ամյակին ընդառաջ, հայտարարությամբ է հանդես եկել. «Դուք կարող եք վստահ լինել, որ Շումախերն ապահով ձեռքերում է: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք նրան: Խնդրում եմ հասկացեք, որ մենք նրա առողջականի վերաբերյալ գաղտնիություն ենք պահում անձամբ իր խնդրանքով»:

Այս խոսքերից պարզ է դառնում, որ մարզիկը կարողանում է շփվել իր հարազատների հետ: Իհարկե, դեռ պարզ չէ, թե գերմանացին ինչպես է խոսում իր կնոջ հետ: Այս տեղեկությունը նույնպես գաղտնի է պահվում:

Շումախերը գամված չէ անկողնուն

Նախորդ տարի դեկտեմբերին Daily Mail-ը հայտնեց, որ ավտոարշավորդը գամված չէ անկողնուն: Նա կապված չէ կենսական ապարատների, սակայն ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի: Բժշկական այդ հետազոտություններն արժեն 50 հազար ֆունտ սթերլինգ:

Գործնականում յուրաքանչյուր այց Շումախերի շվեյցարական տուն արգելված է: «Ֆերարիում» նրա նախկին թիմակից Ռուբենս Բարիկելոն ցանկացել է այցելել Շումախերին, սակայն նրան թույլ չեն տվել:

«Ինձ ասել են, որ այդ այցելությունն օգուտ չի տա ո՛չ ինձ, ո՛չ Շումախերին: Այնպես որ, ես նորություններ չունեմ, բայց մենք պետք է հարգենք նրա ընտանիքը»,- ասել է Բարիկելոն:

Քահանան ասել է, որ Շումախերը մի փոքր գիրացել է

2016 թվականին Շումախերին է այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի անձնական քարտուղարը՝ Գեորգ Գենսվայնը:

«Ես նստած էի նրա առջև, բռնեցի նրա ձեռքը: Դա նույն Շումախերն էր, ում մենք գիտենք: Նա զգում է, որ իր կողքին սիրելի մարդիկ են, ովքեր պատրաստ են խնամել իրեն: Իհարկե, ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար»,- ասել է Գենսվայնը:

Գենսվայնի այցելությունից մեկ տարի առաջ խոսվում էր այն մասին, որ Շումախերի քաշը 45 կգ է դարձել: Ըստ քահանայի խոսքերի՝ մարզիկը մի փոքր գիրացել էր, ինչը նշանակում է, որ Շումախերի առողջականի հարցում դրական տեղաշարժ կա:

Մեծագույն ավտոարշավորդը հավերժ կմնա հաշմանդամ

Հույս կա, որ Շումախերի առողջականը մի փոքր կլավանա, սակայն փաստն այն է, որ նախկին Շումախերին մենք այլևս չենք տեսնի: Ահա, թե ինչ է ասել շվեյցարացի նյարդաբան Էրիկ Ռիդերերը 2014 թվականին:

«Միխայելին ինտենսիվ վերականգնում է պահանջվում: Առաջին հերթին՝ ֆիզիկական: Նա պետք է փորձի կապ հաստատել արտաքին աշխարհի հետ ու սովորի քայլել: Չպետք է սպասել, որ Միխայելը կսկսի արտահայտել նախադասություններ: Սկզբում նա պետք է սովորի առանձին բառեր արտասանել: Նա հավերժ կմնա հաշմանդամ ու կունենա հարազատների օգնության կարիքը: Նման վնասվածքներն անհետք չեն մնում»,- ասել էր նա:

Ինչպես երևում է, կյանքի մեկ կռիվ նա արդեն հաղթել է: Կորինայի խոսքերից պարզ դարձավ, որ Շումախերը կապ է հաստատել արտաքին աշխարհի հետ: Կա հույս, որ Շումին կհաղթի նաև մնացած պայքարները. չէ՞ որ ավտոմրցավազքում դա նրա մոտ հիանալի էր ստացվում:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: