16 օր անց փրկարարները հայտնաբերեցին ջրատարն ընկած 63-ամյա տղամարդու դին. լուսանկար

Dec 19, 2018 Comments Off on 16 օր անց փրկարարները հայտնաբերեցին ջրատարն ընկած 63-ամյա տղամարդու դին. լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճնշումային խցի հարևանությամբ գտնվող ջրատարից հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածն այս տարվա դեկտեմբերի 3-ից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 63-ամյա Նիկոլայ Բանդարյանն էր։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մանուկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Վարագյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և այս պահին տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Վ. Վարագյանը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը թե հարազատների, թե հարևանների և թե ընկերների շրջապատում համարվում էր բարի ու սրտացավ մարդ և իրենց համար մեծ ցավ է, որ այդպիսի անձնավորությունը նման ողբերգական դեպքի զոհ է դարձել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն մի քանի օր էր՝ Երևանի բնակիչ՝ 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի հարազատները ամեն օր սպասում էին, թե երբ են պատկան մարմինները իրենց հայտնելու, որ վերջապես հայտնաբերվել է Ն. Բանդարյանի դին: Ֆոտոլրագրողի հետ զրուցում Ն. Բանդարյանի հարազատներն ասել էին. «Գրեթե ամեն օր սպասում ենք, թե երբ են, ի վերջո, օպերատիվ ծառայությունները ասելու, որ որոնողական աշխատանքները սկսում են: Ամեն օր գալիս են ու ժամերով սպասում, մենք էլ իրենց հետ, թե երբ է կանալի ջուրը իջեցվելու, որպեսզի Արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության աշխատակիցները, մենք էլ իրենց հետ, սկսենք որոնողական աշխատանքները: Միայն գոհ ենք փրկարարներից ու ոստիկաններից, մնացածը քար անտարբերություն են ցուցաբերում: Է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ թաղապետարան, է՛լ կանալի անվտանգությամբ զբաղվող ընկերություն մեռանք զանգահարելով, խնդրելով, որ ջուրը իջեցնեն, սակայն նրանք «իրար բերան թքած» նույն բառերն են կրկնում՝ ջուրը իջնում է: Ինչ է, մենք կո՞ւյր ենք, չենք տեսնում ջրի բարձրությունը. ինչքան կա, էդքան էլ մնում է: Հետո էլ ասում են, թե նոր մոտեցուներ են ցուցաբերվելու քաղաքացիների նկատմամբ: Եթե այս ձև է լինելու ձեր մոտեցումը հուսահատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ, ապա վայ մեզ, որ դուք եք դառնալու մեր անվտանգության երաշխավորը»:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: