«Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային»

Dec 19, 2018 Comments Off on «Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իմ ուրախությունը շատ մեծ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընտրողը զգաց, որ իր ձայնը տեղ է հասնում: Սա ամենաառաջին ուրախությունն է մեր հայ ժողովրդի համար: Ամբողջ աշխարհում էլ այդ մասին խոսեցին, բոլորը շնորհավորեցին: Կիսվելով իր զգացումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: Այդուհանդերձ, Լ. Թոքմաջյանը կարծում է, որ պետք չէ ԱԺ ընտրություններով ավարտված համարել այն, ինչը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ:

Ծայրահեղությունից խուսափելու հնարավորությունը

«Ես անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ եմ լսում, կարծես բոլորն արդեն սպասում են այս հեղափոխության երկրորդ սերիային, այսինքն՝ թե ինչ է լինելու մյուս էտապում: Ժողովուրդն ուզում է իր սոցիալական պայմանների բարելավում, մի քիչ բեռի թեթեւացում՝ թոշակների ավելացման, հարկային բեռի նվազման տեսքով: Հիմա բոլորս սպասում ենք, ես էլ, որպես ժողովրդի մի մասնիկ, հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր խոստումները կկատարի»,–ասաց նա՝ խոսելով նաեւ իր պատկերացրած ընդդիմության մասին:

«Ընդդիմությունն այն չէ, որ եթե ես մի բան եմ ասում՝ դիմացինն էլ հակառակն է ուզում ասել: Ընդդիմությունը պետք է այնքան վեհանձն լինի, որ իր ապրած կյանքով, ստեղծած գործերով, իր քաղաքականությամբ հավատ ներշնչի ժողովրդի մեջ: Տեսեք՝ հիմա 88 մանդատ կա: Այսինքն՝ տեսականորեն ինչ ուզեն, կանցկացնեն: Դա կբերի մի ուրիշ ծայրահեղության, ինչպես սովետմիության ժամանակ էր, երբ մեկը մի բան էր ասում, ու բոլորը համատարած ձեռք էին բարձրացնում: Եվ չկար մեկը, որը կողքից ասեր՝ սպասե՛ք, այդպես չէ: Իսկ այդ հնարավորությունը հիմա կա, կարծում եմ՝ շատ լուրջ ու ճիշտ ընդդիմություն կծնվի: Այն կստեղծվի եւ կստեղծվի բուն աշխատանքային գործընթացի ժամանակ»,–ընդգծեց քանդակագործը:

Կյանքը՝ հին ընթացքով

Խոսելով նախորդ՝ ավելի քան 7 ամիսների բացթողումներից՝ Լեւոն Թոքմաջյանը մատնանշեց կադրային քաղաքականության բացը: «Երկիրը պետք է ղեկավարեն բանիմաց մարդիկ: Կադրեր ընտրելուց չպետք է առաջնորդվեն «հեղափոխության ժամանակ իմ կողքին է եղել», «կուսակցության կողքին է եղել» սկզբունքներով: Հեղափոխությունը ռոմանտիկ տրամադրություն է, եւ այն կապ չունի երկրի ղեկավարման հետ: Բան չունեմ ասելու երիտասարդներին, հեղափոխությունն արեց երիտասարդությունը ու նաեւ պետք է տեր կանգնի այդ ամենին, բայց երիտասարդությունը դեռ փորձ չունի: Թե մեզ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ երիտասարդությունը կոփվի քաղաքականության, պետական իշխանությունը ղեկավարելու գործի մեջ, կյանքը ցույց կտա, բայց եթե որոշ նախարարություններում մի քիչ վերանայումներ լինեն, բացը կլրացվի»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչպես ինքն է նշում՝ ղեկավարվելով արվեստագետի զգացողությամբ՝ կարող է ասել, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել:

«Ի՞նչ ավարտի մասին է խոսքը, երբ կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում, երբ դեռ վերափոխումներ չեն եղել: Իհարկե, եղել են որոշ վերեւափոխումներ, բայց ոչ մեծ առումով… 15–20 օր առաջ մտավորականների խմբին հրավիրեցին Սպիտակ: Ուրեմն՝ 5 տարվա համար նախատեսված փայտե «բարաքներում» մարդիկ ապրում են արդեն 30 տարի: Փայտերը փտել են, առնետներ են մտնում ու դուրս գալիս: Այսքան տարի է անցել, բայց նույն ողորմելի վիճակը պահպանվել է: Հիմա ինչպե՞ս կարող ենք համարել, որ հեղափոխությունն ավարտվել է: Կարծում եմ՝ այն ժառանգությունը, որը ստացավ նոր իշխանությունը, շատ ծանր բեռ է: Դեռ պետք է մաքրազարդել, դեռ պետք է թեթեւացնել: Ես լավ եմ հիշում՝ նախկին իշխանություններն ինչ–որ տեղ որոշել էին, որ այլեւս «աղետի գոտի» չպետք է կոչվի: Բայց, ցավոք, «աղետի գոտին» դեռ գոյություն ունի: Իսկ եթե գոյություն ունի, ուրեմն՝ հեղափոխությունը շարունակվում է»,–ընդգծեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: