Ո՞վ է վարչապետի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանը

Dec 18, 2018 Comments Off on Ո՞վ է վարչապետի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանը

Քիչ առաջ Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել.

«Ըստ պտտվող լուրերի, նախօրեին Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, նույն ինքը 2016թ-ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ում անվան հետ էր կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա որ արժանիքի համար է կատարվել այս նոր նշանակումը և ինչ նպատակ է այն հետապնդում…»:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։ Այդ նույն ժամանակահատվածում պաշտոններից զրկվեցին նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և մի շարք այլ զինվորականներ:

Թեև այդ ժամանակ աղմկահարույց պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չտրվեցին, այնուամենայնիվ ներքաղաքական, զինվորական կուլիսներում մեղադրանքներ էին հնչում նրանց հասցեին։ Օրինակ, Արշակ Կարապետյանի մասին ասվում էր, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Այդ աղմկահարույց պաշտոնանկություններից հետո, Ա. Կարապետյանը որոշ ժամանակով Մոսկվայում հանգրվանեց, այնուհետև մոտ 2 տարի անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում նշանակվեց։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։

Ինչևէ, օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանից 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Փաշինյանի նորանշանակ խորհրդականը նույն ինքը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն է։

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: