Հետհեղափոխական Հայաստանի ռուսական վախերը

Dec 20, 2018 Comments Off on Հետհեղափոխական Հայաստանի ռուսական վախերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում է արել, որոնց հիմքում կարելի է վերլուծել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու խորքերը:

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը, այսօր հայտարարել է: Պատասխանելով Հայաստանում տեղակայված երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին՝ Լավրովն ասել է. – «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»: Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում նաև Ղազախստանի հետ:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեկնաբանություն ունեն Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․- «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Չնայած տարբեր մեկնաբանություններին՝ կապված Լավրովի խոսքերի հետ այն մասին, թե Երևանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում, պետք է նկատել, որ ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված տարբերակում Լավրովի խոսքերը մեջբերված են հետևյալ կերպ. «Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինելու այդ կենսաբանական լաբորատորիաներում»:

Այսինքն, խոսքը կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերում, բայց փաստը, որ Մոսկվան ու Երևանն այս փուլում նման փաստաթուղթ են պատրաստվում ընդունել, սա պարզ է, որ ՌԴ իշխանությունների պահանջով է տեղի ունենում:

Ասել է թե՝ ՀՀ իշխանություններն այս հարցում էլ վստահություն չեն ներշնչում ՌԴ իշխանությունների մոտ, իսկ հիմա համաձայնել են գնալ նման քայլի: Սա հստակ զիջում է հայկական կողմից, այն էլ այն դեպքում, երբ ՌԴ-ի և նախկին խորհրդային պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները չի կարելի բարեկամական որակել:

Ռադիոկայանի լրագրողների հետ Լավրովը երկար խոսում էր այն մասին, թե ինչու է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը այդքան մեծ, իսկ Ռուսաստանինը՝ փոքր: Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում էր, որ, այո, Սորոսը, օրինակ, շատ ակտիվ է աշխատում Հայաստանում, Լավրովն ասել է «մեր տարածքում»՝ ի նկատի ունենալով հետխորհրդային տարածքը: ԱԳ նախարարը նաև ասել է, թե Ռուսաստանը միշտ էլ աշխատել է Հայաստանի համակարգային ընդդիմության, այդ թվում նաև՝ «Ելք» խմբակցության 9 պատգամավորների հետ։ Նա խոսել է «փափուկ ուժի» մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը այսօր էլ շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ:

Սրա հետ մեկտեղ, Սերգեյ Լավրովը կարծես արդարանում էր՝ հայտարարելով, թե Ռուսաստանը զիջում է Միացյալ Նահանգներին հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում, քանի որ նման հսկայական բյուջե չունի։ «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ չնայած «Ռուսաստանի դեմ ատելությանը» Միացյալ Նահանգներում, որը նա կապում է բացառապես ամերիկյան ներքին գործերի հետ, Ռուսաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ այն ոլորտներում, որոնք կարևոր են երկու երկրների համար, և որտեղ կա սպառնալիք, օրինակ՝ Սիրիայում։

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ունի որոշակի վախեր՝ Հայաստանում արևմուտքի հաղթանակի հետ, որը ռուսական կողմը «փափուկ ուժ» է անվանում, և այս մթնոլորտում կարծես, նրանք, ուզում են հնարավորը պոկել Հայաստանից:

Իսկ ընդհանուր առմամբ, Փաշինյանի հեղափոխությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ Հայաստանի դաշնակիցներն ավելի քիչ են վստահում Հայաստանի իշխանություններին, իսկ Արևմուտքն էլ առայժմ փորձում է հասկանալ, թե ինչի է ունակ այս իշխանությունը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: