ԱՄՆ-ն է՞ խափանում հայ-ռուսական պայմանագիրը. Զենք՝ ինչի՞ դիմաց

Dec 20, 2018 Comments Off on ԱՄՆ-ն է՞ խափանում հայ-ռուսական պայմանագիրը. Զենք՝ ինչի՞ դիմաց

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»:

Պաշտոնական Երևանը՝ ի դեմս Փաշինյանի խոսնակի հայտնում է, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է՝ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը»:

Առհասարակ, Հայաստանի կողմից այլ երկրներից զենք գնելու մասին հայտարարություններ վերջերս եղել են, և տպավորություն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ականներն այս մասով էլ դժգոհություններ ունեն: Նրանք և՛ դժգոհում են, թե ինչու է Հայաստանը բողոքում, երբ այս կամ այն երկիրը Ադրբեջանին զենք է վաճառում, մեկ էլ խանդով են վերաբերում, երբ Հայաստանը հայտարարում է, թե այլ երկրներից կարող է զենք գնել:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկումներում էլ է բարձրաձայնում Ադրբեջանին զենք վաճառելու մասով, ապա այստեղ հարցն այն չէ, թե Ադրբեջանին որ երկիրը որքան է զենք վաճառում: Հարցը շատ կոնկրետ է՝ ինչու՞ է Հայաստանի դաշնակից այս կամ այն երկիրը դա անում: Ու պատասխանն արդեն քաղաքական է, որքան էլ դրանում առևտրատնտեսական բաղադրիչ լինի: Նշանակում է Հայաստանի դաշնակիցների համար Ադրբեջանն ավելի «արժեքավոր» գործընկեր է:

Ի դեպ, Հայաստանի կողմից այլ երկրներից զենք գնելու վերաբերյալ օրերս ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել:

Երկրորդ ամիսը շարունակ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Փորձագետները ենթադրել են, որ խորհրդային նմուշների սպառազինության զանգվածային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով խաթարել Երևանի և Մոսկվայի 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը, գրում է EADaily պարբերականը: Պարզվում է, վերջին մեկ շաբաթում Rada Airlines ավիաընկերությանը պատկանող Իլ-62 ինքնաթիռը 4 չվերթ է իրականացրել Բուլղարիայից Հայաստան: Այդ մասին են վկայում Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները: Ըստ aravot.am-ի՝ դեկտեմբերի 7-ին, 9-ին, 11-ին և 13-ին ինքնաթիռը դուրս է եկել Բուրգասից և վայրէջք կատարել Հայաստանի տարածքում: Այնուհետև գրանցվել է հակառակ ուղղությամբ չվերթ դեպի Բուրգաս, որն անցել է Թուրքիայի օդային տարածքով: Ավելի վաղ իսրայելական Haaretz թերթը հայտնաբերել էր, որ Rada Airlines-ի ինքնաթիռը չվերթ է իրականացրել Բուրգասից, որը համարվում է Արևելյան Եվրոպայից սպառազինության մատակարարման գլխավոր հանգույց: Այդ ժամանակ թուրք բլոգեր Յուրյուք Իշիքը 8 օրվա մեջ հայտնաբերել էր դեպի Հայաստան 7 չվերթ: Բուլղարական ձեռնարկությունը հազիվ թե համարձակվեր սպառազինություն մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող Իրան, իսկ թռիչքների մասին վերջին տվյալները հաստատում են, որ վերջնակետը եղել է հենց Հայաստանը: Ինչո՞ւ զենք: Այդ մասին վկայում են մի քանի փաստեր: Մի կողմից Բուրգասը սպառազինության հանգույց է, Հայաստանի և Բուլղարիայի արտահանման և ներմուծման գործարքները նվազագույն են, իսկ բեռնափոխադրման համար օգտագործվում է ոչ հայտնի ավիաընկերություն, որի տրամադրության տակ կա ընդամենը մեկ օդանավ:

Ըստ պարբերականի՝ գլխավորն այն է, որ օդանավի ուղղությունն ապացուցում է, որ Հայաստան տեղափոխվում է հենց սպառազինություն: Բանն այն է, որ ռազմական նշանակության բեռների փոխադրման դեպքում այն պետք է համաձայնեցվի նաև այն երկրների հետ, որոնց օդային տարածքով անցնում է օդանավը: Իսկ Իլ-62-ի չվերթները շրջանցում են Թուրքիայի օդային տարածքը, ինչը տնտեսական առումով շատ ծախսատար է: Ինքնաթիռը թռչում է ոչ թե ուղիղ Թուրքիայով և Վրաստանով, այլ շրջան է գործում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով և Իրանով: Այդպիսով, թռիչքը տևում է առնվազն կրկնակի երկար: Ուշագրավ է, որ դեկտեմբերին Բուրգասից ինքնաթիռներ են թռել նաև Բաքու: Չվերթներ իրականացրել է սկանդալային հայտնի Silk Way-ը: Ընդ որում, վերջինիս ինքնաթիռները ուղիղ թռիչք են իրականացրել հենց Թուրքիայի տարածքով: Այդ մասին վկայում են Flightradar24-ի տվյալները: Որքա՞ն մեծ կարող են լինել մատակարարման ծավալները: Ավելի վաղ EADaily-ն գրել էր, որ ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերությունը բուլղարական սպառազինություն է մատակարարում սիրիացի գրոհայիններին: Այդ մասին են վկայում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերին հասանելիություն ստացած հաքերների տվյալները: Դրանց միջոցով կարելի է գնահատել մատակարարումների ծավալները: Rada Airlines-ի Իլ-62-ը 2007թ. ուղևորատար ինքնաթիռից վերածվել է բեռնատարի:

Silk Way-ի փաստաթղթերում ասվում է՝ որքան զենք կտեղավորվի Իլ-62-ում: Այսպես, 2016թ. մարտին ավիաընկերության և դեսպանատան ներկայացուցիչները փաստաթղթեր էին նախապատրաստում ռազմական բեռ տեղափոխելու Բուրգասից սաուդյան «Սուլթան արքայազնի» ավիաբազա և նշում էին, որ 20.4 տոննա կազմում են 1700 ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետերը, և 11.67 տոննա՝ 2500 նռնակաձիգերի լիցքեր: (PG-7VM): Դատելով այդ տվյալներից՝ մեկ անգամով Բուլղարիայից Հայաստան կարող էր տեղափոխվել 40 տոննա բեռ. 1700 նռնակաձիգ և 5000-ից մի փոքր պակաս լիցք: Եթե հաշվի առնենք, որ արդեն գրանցվել է առնվազն 11 չվերթ, ապա ծավալը կարող է ավելանալ 10 անգամ: Բուլղարիան, ինչպես հայտնի է, թեթև հրազենի, նռնակաձիգների և դրա ռազմամթերքի, խորհրդային նմուշի արկերի խոշորագույն արտադրող է:

Հատկանշական է, որ մատակարարումները համընկան Բուլղարիայի և Հայաստանի ռազմական հարաբերությունների ակտիվացման հետ: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի վերջին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրել են 2019թ. ռազմական երկկողմ համագործակցության ծրագիր: Նոյեմբերի կեսերին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Բուլղարիա: Բուլղարիայի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներում կողմերն ամփոփեցին 2018թ. երկկողմ գործունեությունը և քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները: Արտակ Դավթյանն այցելեց նաև բուլղարական ռազմական արդյունաբերական ձեռնարկություն: Մինչ այդ Հայաստանը դարձել էր Բուլղարայի ռազմարդյունաբերական համալիրների ոչ մեծ սպառող: Օրինակ, 2017թ. Հայաստանը 19.5 մլն եվրոյի պայմանագրեր էր ստորագրել բուլղարական արտադրողների հետ, բայց սպառազինության փաստացի մատակարարումները կազմել էին 637 հազար եվրո:

Այսպես` պարբերականը նշում է, որ կարելի է խոսել մատակարարումների զգալի ավելացման մասին: Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել այդ մատակարարումները: Հայաստանը աղքատ երկիր է և նրա ընդհանուր ռազմական բյուջեն այս տարի կազմել է 468 մլն դոլար: Գալիք տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն ավելացնել մինչև 530 մլն: Այդ իրավիճակում տրամաբանական են պայմանագրերը Ռուսաստանի հետ, որոնք ուղեկցվում են միաժամանակ տրամադրվող վարկով: 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրեց պայմանագիր՝ 200 մլն վարկի դիմաց տրամադրել ռուսական սպառազինություն, և այդ պայմանագիրն արդեն իրագործվել է: Իսկ հաջորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերին՝ 100 մլն արժողությամբ, առայժմ չկա:

Առավել հետաքրքրական է՝ եզրակացությունն ու ամփոփումը. «…Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը, որին Հայաստանի կառավարությունը առավել քան լոյալ է, փորձում է խափանել ռուսական պայմանագիրը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը երկրին առաջարկեց գնել ամերիկյան զենք: Մյուս կողմից, ամերիկյան զենքը թանկ է և պահանջում է մասնագետների վերապատրաստում, իսկ բուլղարական՝ խորհրդային նմուշի սպառազինությանը Հայաստանի զինված ուժերը լավ ծանոթ են և այն շատ ավելի մատչելի է», գրել էր EADaily-ն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: