Հայկ Մարությանի «կարգին» ախորժակը

Dec 20, 2018 Comments Off on Հայկ Մարությանի «կարգին» ախորժակը

Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է ներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը: Որքան էլ անսպասելի է, բայց հեղափոխական իշխանությունը գերազացել է նախորդներին իր շռայլությամբ,նախկինում քննադատված ծախեսրը մի քանի անգամ բազմապատկել, գործուղումների եւ նման այլ ծախսերի համար հատկացված գումարների հարցում թռչքային աճ ապահովել: 2018-ի համեմատ 2019 թվականի բյուջեի նախագծով աճել են մայրաքաղաքի բյուջեի և եկամուտները, և ծախսերը: Եթե այս տարվա բյուջեով եկամուտները կազմում էին 80 մլրդ 189 մլն 969.8 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 80 մլրդ 237 մլն 969.8 հազար դրամ, ապա 2019 թվականի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 077 մլն 572.0 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 84 մլրդ 346 մլն 812.0 հազար դրամ:

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես քննադատվել է հատկապես գործուղումների համար հսկայական գումարներ ծախսելու համար: Սակայն Հայկ Մարությանը նրան ծալած ունի այս հարցում: 2019 թվականի համար գործուղումների գումարները կրճատելու փոխարեն ավելացրել են: Եթե այս տարի այդ նպատակով հատկացված էր 62.7 մլն դրամ, ապա հաջորդ տարի գործուղումների վրա կծախսի գրեթե կրկնակի՝ 112.7 մլն դրամ: Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների հարցը ևս մշտապես քննադատվել է, բայց այս հարցում էլ հետեւություններ չեն արվել: Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից 2019-ի համար աճել է 1,2 միլիարդ դրամով, հասնելով 1 մլրդ 991.4 մլն դրամի: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն ևս աճ է արձանագրել՝ 9.2 մլն դրամից հասնելով ռեկորդային 169.1 մլն դրամի: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա փող լվանալու լավագույն ճանապարհն է, եր մի քանի սեմինար կազմակերպելով հնարավոր է մեծ փողեր լվանալ: Երևանի նոր իշխանությունները ևս չեն պատրաստվում կրճատել տոնական զարդարանքի համար գումարները. 50 մլն դրամ այդ նպատակով հատկացվել էր այս տարի, հաջորդ տարի ևս 50 մլն կհատկացվի:

Մինչդեռ մայքարաղաքի բնակիչների առջեւ բազում խնդիրներ են ծառացած եւ դրանք հապշտապ լուծման կարիք ունեն: Ավելին մտահոգիչն այն է, որ հաջորդ տարվա բյուջեով կրճատվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը : Եթե 2018-ի բյուջեով այս տողով հատկացված էր 2 մլրդ 172 մլն 857.6 հազար դրամ, ապա 2019-ի համար նախատեսված է 2 մլրդ 114 մլն 819.6 հազար դրամ: Առողջապահության ոլորտին էլ քաղաքի բյուջեից ընդամենը 479 մլն 960.0 հազար դրամ է հատկացվելու հաջորդ տարի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: