Քաղաքական մահակը կարող է իջնել յուրաքանչյուրի գլխին

Dec 19, 2018 Comments Off on Քաղաքական մահակը կարող է իջնել յուրաքանչյուրի գլխին

Հետընտրական Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կարծես թե դարձել է ԲՀԿ-ի ու Լուսավոր Հայաստանի հակամարտությունը: Իշխանության մաս չկազմող երկու քաղաքական ուժերը միմյանց մեղադրում են, այսպես կոչված, կեղծ ընդդիմադիր լինելու մեջ, ինչը անհասկանալի ու անտրամաբանական օրակարգ է: Տրամաբանական կլիներ, եթե ոչ իշխանական ուժերի թիրախում հայտնվեր ավելի քան 70 տոկոս քվե ստացած ուժը, որը փաստացի լծակներ ունի՝ խորհրդարանում հաստատելու տոտալ քաղաքական մենաշնորհ: Կա մի պարզ ճշմարտություն, որը կարծես թե չեն հասկանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ Լուսավոր Հայաստանը: Քաղաքական այն ուժը կամ ուժերը, որոնք այս պահին իշխանության մաս չեն կազմում, ընդդիմություն են, կամ էլ գուցե այլընտրանք՝ անվանումը կարևոր չէ: Բայց այդ ուժերը պետք է հակակշիռ կամ ընդդիմադիր լինեն ոչ թե միմյանց, այլ խորհրդարանական մեծամասնությանը, եթե իհարկե, նպատակը քաղաքական առողջ համակարգ ունենալն է:

Եթե դիտարկելու լինենք հրապարակ նետված վարկածները, թե Լուսավոր Հայաստանը կամ ԲՀԿ-ն նախկին կամ ներկա իշխանությունների կողմից խաղարկված նախագծեր են, կեղծ ընդդիմություն են և այլն, ապա այստեղ ևս որևէ տրամաբանություն չկա, շատ պարզ պատճառով: Քաղաքականության մեջ ցանկացած թիմ կամ անձ առաջնորդվում է որոշակի շահերով: Եթե այս կամ այն ուժը որոշակի պահի համագործակցել կամ ինչ-որ համաձայնություններ է ունեցել որևէ այլ ուժի, այդ թվում նաև ներկա կամ նախկին իշխանության հետ, դա դեռ չի նշանակում, թե նա երբևէ չի կարող ընդդիմանալ այդ նույն ուժին: Եթե այդ տրամաբանությունը քաղաքագիտական կանոն լիներ, ապա ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռանա իշխանությունից, որովհետև նրան ընդդիմացողները բոլորն էլ նրա քաղաքական թիմի անդամներն էին: Ներկա իրավիճակն իհարկե բավականաչափ այլ է, բայց կանոնը նույնն է՝ այն պահից սկսած, երբ իշխանության գործողությունները կհակասեն ԲՀԿ-ի և ԼՀ-ի նպատակներին, նրանք անխուսափելիորեն կընդդիմանան՝ այդ ժանրի բոլոր կանոններով:

Արտաքին հարցերի և Արցախի խնդրի շուրջ և իշխանության և ոչ իշխանության մոտեցումներն այս պահին դեռ հստակեցման կարիք ունեն, ուստի դժվար է ասել, թե այստեղ ինչպիսի հռետորաբանություն է լինելու: Այսինքն՝ գոնե այս պահին կռիվն այս դաշտում չէ: Երբ դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության այս պահի առաջնահերթությունները, անկյունաքարային ամենակարևոր խնդիրներից մեկը կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ պայքարն է: Եթե այսօր երկրում սկիզբ է առել մի գործընթաց, երբ հայտնի և անհայտ օրդիոզ դեմքերը մեկը մյուսի հետևից հայտարարություններ են անում թանկարժեք գույքը և բանկային խոշոր հաշիվները պետությանը նվիրելու մասին, ապա ինքնին հասկանալի է, որ երկրի ամենախոշոր կապիտալիստը համարվող ԲՀԿ առաջնորդին այս հարցը չի կարող չհուզել: Այս տեսանկյունից նրա ղեկավարած ուժը ամենաիրական ընդդիմադիրն է: Սեփականության վերաբաշխման կամ ազգայնացման գործընթացում ԲՀԿ առաջնորդն ուղղակի դատապարտված է պաշտպանել իր շահերը: Ուստի նա ոչ միայն արմատական, այլ նաև դասակարգային ընդդիմություն է:

Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանին, ապա այս ուժն ու նրա լիդերը վստահաբար մի օր Նիկոլ Փաշինյանի առջև հարց են բարձրացնելելու՝ ի՞նչ չափանիշով է ստուգվում և որոշվում, թե ովքեր են պարտավոր իրենց ունեցածի այս կամ այն բաժինը նվիրել պետությանը, ովքեր՝ ոչ: Եվ վերջապես որքա՞ն ժամանակ կարող է այդ գործընթացը շրջանցել երկրի ամենախոշոր սեփականատիրոջը: Տեսականորեն բացառված չէ, որ հենց այս հեռահար և առայժմ չգաղտանզերծված սցենարն է ընկած Ծառուկյանի ու Մարուքյանի քաղաքական հակամարտության հիմքում: Ընդ որում, սա շատ ձեռնտու վիճակ է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև երբ կռվում են ընդդիմադիրները, շահում է իշխանությունը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր արդպես: Շախմատի վարպետը երկար ժամանակ բոլորին խաղացրեց, մինչև որ հայտնվեց պատային վիճակում: Այս իմաստով, կարծես թե իրավիճակ չի փոխվել:
Ցանկացած պարագայում կան հատման կետեր, որի շուրջ պետք է համախմբել. դա միասնական սկզբունքների և խաղի նույնական կանոնների մշակումն է, և հենց այս հարցի շուրջ է, որ պիտի համագործակցեն ԼՀ-ն ու ԲՀԿ-ն, որովհետև դա բխում է բոլորի, այդ թվում նաև իրենց շահերից:
Ի վերջո, երբ չկան սկզբունքներ և խաղի կանոններ, անգամ ամենաառողջ գործընթացը վերածվում է քաղաքական մահակի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Քաղաքական մահակը, որպես կանոն, յուրաքանչյուր պահի կարող է հարվածել յուրաքանչյուրի գլխին. այս մեկն արդեն հաստատապես քաղաքական աքսիոմա է և ապացուցման կարիք չունի:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: