Թե երբ և ինչ կնվիրաբերի պետությանը Վանեցյանի ընտանիքը

Dec 18, 2018 1 Comment

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ուշագրավ բացահայտում է արել իր ընտանիքի բիզնես գործունեության և օֆշորային գոտիներում նրանց ծավալած գործունեության մասին: ԱԱԾ պետն ասել է, որ իր հորեղբոր կնոջ՝ 79 տարեկան Զեմֆիրա Վանեցյանի անունով օֆշորային ընկերություն կա գրանցված, որն իրականում պատկանում է իր եղբորը՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է: «Չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ իմ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, մյուս եղբայրս՝ Արմեն Վանեցյանը խոշոր գործարարներ են: Նրանք իրենց գործունեությունն իրականացնում են Իրաքում, Սերբիայում, այլ երկրներում: Եվ ես դրա մեջ որևէ հանցագործություն չեմ տեսնում: Իսկ Զեմֆիրա Վանեցյանը, փառք Աստծո, որ դեռ ողջ է, գաղտնալսման օրն էլ իրենց մոտ էի, որ ինձ գաղտնալսեցին»,- նշել է Վանեցյանը և պարզաբանել, թե իր հարազատները ՀՀ տարածքում որևէ բիզնես չունեն:

Ի՞նչ է ստացվում՝ Վանեցյանը մասնավոր նպատակով այցելել է իր բիզնեսմեն հարազատներին, այնտեղից հեռախոսով քննարկել ՀՀ պետական խնդիրները, խայտառակ կերպով գաղտնալսման զոհ դարձել՝ մեր ողջ պետական անվտանգության համակարգին դնելով ծանր կացության մեջ։ Բայց սա դեռ բոլորը չէ․ ըստ Արթուր Վանեցյանի՝ օֆշորն ու օֆշորային ընկերություն ունենալը հանցագործություն չէ, դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի տարբեր գործարարների կողմից: Նա նաև հավատացրել է, թե ինքը որևէ տնտեսական գործունեություն չի իրականացնում, իր անունը չկա օֆշորային գոտիներում: Իսկ իր հարազատների անունով գրանցված ընկերությունը, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, նախկին իշխանությունների օրոք տուգանվել է 335 հազար դոլարով։

Նույն ասուլիսի ընթացքում Վանեցյանն անդրադարձել է նաև մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործին: Ավետիսյանի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել պետությանը, որի արդյունքում, ըստ Վանեցյանի, նրա դեմ հարուցված գործը կարճվելու է: Պարզվում է, որ «Գոլդեն Փելես» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Արմեն Ավետիսյանի որդու և մոր անունով, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը:

«Իրականացված օպերատիվ հետախուզության արդյունքում հաջողվել է պարզել, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը հանդիսանում են Արմեն Ավետիսյանի որդին ու մայրը: Գույքի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, և պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը»,- նշել է Վանեցյանը և հավելել, որ դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջնական լուծումը կտրվի քննություն իրականացնող մարմնի կողմից:

Ստացվում է երկակի ստանդարտի կիրառում․ մի դեքում, երբ խոսքը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների անունով գրանցված օֆշորային ընկերությանը, ապա ԱԱԾ-ն այստեղ կոռուպցիա և ապօրինի հարստացում է տեսնում, գործ է հարուցում։ Բայց երբ խոսքը վերաբերվում է ներկա պաշտոնյաներին, մասնավորապես հենց Վանեցյանի հարազատների անունով գրանցված օֆշորային ընկերություններին, ապա ԱԱԾ ղեկավարն այստեղ ոչ միայն խնդիր չի տեսնում, այլև ավելին՝ համոզմունք է հայտնում, թե օֆշորում գրանցվելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա հանցագործություն չէ։ Ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ կոռուպցիայի մասին ՀՀ իշխանությունները միշտ խոսում են անցյալ ժամանակով, և որպես կանոն բացահայտվում են նախորդների կատարած կոռուպցիոն գործարքները։ Այնպես որ՝ ապագայում, երբ Վանեցյանն այլևս չի ունենա բարձր պաշտոն, իշխանությունն էլ կանցնի այլ թիմի, մենք այդ ժամանակ միայն հնարավորություն կունենանք իմանալու՝ հանցագորոծությո՞ւն է, երբ Վանեցյանի եղբոր բիզնեսը օֆշորում հորեղբոր կնոջ անունով է գրանցված, թե՞ ոչ։ Ամեն դեպքում՝ եթե սեփականատիրոջ անունը թաքցնելու նպատակ չի եղել, ինչո՞ւ է Վանեցյանի բիզնեսմեն եղբայրը օֆշորային ընկերությունը գրանցել ոչ թե իր, այլ հորեղբոր կնոջ անունով։ Ի՞նչ իմաստ ուներ նման քայլի դիմելը։ Սրանք հարցեր են, որ անպայման պետք է հետաքրքրեն ԱԱԾ-ին եթե ոչ այսօր, ապա վաղը վստահաբար։ Ո՞վ իմանա՝ գուցե այդ ժամանակ նաև պարզվի, որ ինչ-որ բաներ պետությանը պետք է նվիրի նաև Վանեցյանի՞ ընտանիքը։

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային ձայնագրությանը՝ պնդելով, թե ինքը Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառած դատավորի հետ չի խոսել։ Սա այն դեպքում, երբ հրապարակված ձայնագրության մեջ ԱԱԾ տնօրենը շատ հստակ զեկուցում է վարչապետին, որ ինքը խոսել է դատավորի հետ, և կալանքը կիրառվելու է։ Ըստ ամենայնի ԱԱԾ ղեկավարը փորձում է լղոզել իրավիճակը, հակառակ պարագայում, եթե նա իսկապես չի խոսել կալանք կիրառող դատավորի հետ, ապա ստացվում է, որ ստել է վարչապետին՝ նրան հաղորդելով խեղաթյուրված ինֆորմացիա։ Ընդ որում՝ ամենևին պարտադիր չէ, որ Քոչարյանի գործով դատավորի հետ զրույցը ևս գաղտնալսված լիներ։ Գուցե Վանեցյանը նրա հետ անձամբ է խոսել՝ առանց հեռախոսի։

Հայկ Դավթյան

Հ․Գ․ Նախօրեին ԱԱԾ-ն մի շարք լրատվամիջոցների հրավիրել էր Ծաղկաձոր, որտեղ էլ տեղի է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ասուլիսը։ Մեր կայքը հրավիրված չէր այդ հանդիմանը։

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Թե երբ և ինչ կնվիրաբերի պետությանը Վանեցյանի ընտանիքը” հրապարակմանը

  1. Թե երբ և ինչ կնվիրաբերի պետությանը Վանեցյանի ընտանիքը — Ազատության Ռադիոկայան says:

    […] Թե երբ և ինչ կնվիրաբերի պետությանը Վանեցյանի ընտանիքը […]