Քաղաքապետարանը և բարոյական արձանները․ բաց նամակ Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին

Dec 16, 2018 Comments Off on Քաղաքապետարանը և բարոյական արձանները․ բաց նամակ Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր Հայրենիքի ռուս-թրքական զավթման եւ այսպես կոչված «սովետականացման» 98-ամյակի օրը, ս․թ․նոյեմբերի 29-ին Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵԿ) բողոքի երթ էր կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ, պահանջելով չեղյալ հայտարարել 1921 թ․մարտի 16-ի ռուս-թրքական ապօրինի պայմանագիրը եւ դուրս բերել ՀՀ տարածքից ՌԴ զորքերն ու ռազմաբազաները։ Միաժամանակ ՀԵԿ-ը դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին, առաջարկելով ՀՀ Անկախության 100-ամյակի տարում հեռացնել մայրաքաղաքի կենտրոնից՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ առ այսօր խոյացող «Հայաստանում սովետական իշխանության համար զոհված մարտիկներին» եւ «հերոսական կարմիր բանակը» փառաբանող կոթողները։ Օրեր առաջ ստացանք Երեւանի քաղաքապետարանից պաշտոնական արձագանքը։

«Ի պատասխան Երեւանի քաղաքապետին ուղղված Ձեր դիմումի, կապված Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհված մարտիկների հիշատակին նվիրված «Հավերժական կրակ» հուշարձանի և Հայաստանի խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակին Կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշարձանի (որն իդեպ գտնվում է ոչ թե Անգլիական այգում, ինչպես Դուք եք նշել, այլ Խորենացու, Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև տեղակայված Մանկական այգում) ապամոնտաժման առաջրկը գտնում ենք անընդունելի բովանդակային, քաղաքաշինական, ինչպես նաև բարոյական առումներով, քանի որ հուշարձանները մեր ժողովրդի պատմության նյութական վկաներն են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված հուշարձանները ընդգրկված են ՀՀ կառավարության 07․10․2004 թ․ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» հ․1616-Ն որոշմամբ հաստատված՝ Երեւանի կենտրոն վարչական շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում տեղական նշանակության հուշարձաններ։
Քաղաքապետի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Ա․Վարդանյան»

Անհրաժեշտ ենք համարում առարկել հատուկ կարգավորման բաժնի պետ Ա․Վարդանյանի բերված փաստարկները բոլոր՝ «բովանդակային, քաղաքաշինական, ինչպես նաեւ բարոյական առումներով»։ Սկսենք վերջից։
Եթե Երեւանի Քաղաքապետարանի բաժնի պետը որոշեց բարոյականության դասեր տալ, ապա մենք խիստ անբարոյական ենք համարում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի տարում պահպանել դրա զավթմանը, գաղութացմանը եւ հայոց պետականության ոչնչացմանը նվիրված սովետական հուշարձանները։ Հետաքրքիր է ճշտել՝ «Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհված» այդ ո՞ր մարտիկների մասին է խոսում քաղաքապետարանի պաշտոնյան։ Եթե Նժդեհի ապստամբության ընթացքում Սյունիքի ժայռերից վայր նետված դավաճան հայ չեկիստների եւ նրանց սատարող ռուս բոլշեւիկների, թուրք յենիչերների եւ ազերի մուսավաթականների մասին է խոսքը, ապա ինչու՞ այդ դեպքում չհավերժացնել դրանց կողքին նաեւ Քեմալի կամ Թալաաթի արձանները, չէ՞ որ դրանք էլ են «մեր ժողովրդի պատմության նյութական վկաները»․․․Եւ ինչո՞վ են դրանք տարբերվում Լենինի կամ Ստալինի հուշարձաններից, որոնք հեռացվեցին մեր մայրաքաղաքի դեմքից որպես ստրկության ամոթալի խարան։ Թե՞ Երեւանի քաղաքապետարանի բաժնի պետ Ա․Վարդանյանը դա էլ է համարում «պատմական սխալ»։ Թերեւս այդպես է, եթե Երեւանում առ այսօր պահպանվում են Սարդարապատի հայ հերոսներին կացնահարող չեկիստ դահիճ Աթարբեկյանի անվան դպրոցը, եթե անփոփոխ է մնում բոլշեւիկ դավաճան Կասյանի անվան փողոցը, եթե չի վերանվանվել Մուսթաֆա Քեմալի ռազմական օգնական բոլշեւիկ Ֆրունզեի փողոցը։ Իմիջիայլոց, Ֆրունզեի արձանը հպարտ խոյանում է Ստամբուլում՝ Քեմալի հուշահամալիրում, ժամանակակից Թուրքիայի հիմնադիրների շարքում։ Արդյո՞ք սա է բարոյականության եւ «մեր ժողովրդի պատմության» մասին Երեւանի քաղաքպետարանի հատուկ կարգավոման բաժնում տիրող պատկերացումը։
Չբավարարվելով բարոյախրատական քարոզով, բաժնի պետ Ա․Վարդանյանը փորձում է մեզ նաեւ պատմության դասեր տալ, նշելով, որ մեր նամակում նշված երկրորդ կոթողը՝ «Հայաստանի խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակին Կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշարձանը գտնվում է ոչ թե Անգլիական այլո Մանկական այգում»։ Մեծարգո պաշտոնյա, չարժե այսպիսի մեծամտությամբ ի ցույց դնել սեփական տգիտությունը։ Ներկայումս Մանկական, իսկ մինչեւ դա Կիրովի անվան, իսկ դրանից էլ առաջ Կոմայգի կոչված զանգվածը ոչ այլ ինչ է, քամ տրոհված եւ վերանվանված Երեւանի պատմական Անգլիական այգու մասը, այն էլ դրա հենց այն հատվածը, որտեղ 1918 թ․ մայիսի 22-ի գիշերը մոմերի լույսի տակ սկսվեց երեւանցի կամավորների ցուցակագրումը Սարդարապատի ռազմաճակատ մեկնելու համար։ Հենց այդ հատվածում Վանից գաղթած կանայք այդ օրերին հավաքում էին զենքեր, հանգանակություններ, շորեր, սնունդ, ծխախոտ՝ տեղափոխելով ներկայումս «Գոռվետկա» կոչվող վայրում գտնվող մատակա երկաթուղային կայարան՝գնացքով Սարդարապատ ուղարկելու նպատակով։ Փաստորեն 1940 թ․ նոյեմբերի 29-ին, Հայաստանի օկուպացման 20-ամյակին դրված կոթողը կոչված էր նենգափոխելու մեր պատմությունը եւ ջնջելու Սարդարապատի հերոսամարտի հիշատակը մեր ժողովրդի գիտակցությունից՝ զավթիչ «հերոսական կարմիր բանակին» կեղծ երախտապարտությամբ այդ կոթողով։ Ահա ինչ «պատմության նյութական վկայություններ» է պաշտպանում քաղաքապետարանի բաժնի պետ Ա․ Վարդանյանը Սարդարապատի 100-ամյա հոբելյանի տարեդարձին։
Մինչդեռ եթե նա «բարոյական եւ պատմական» դաշտից տեղափոխվեր իր մասնագիտական՝ քաղաքաշինական գործունեության կարգավորման դաշտ, մենք կարող էինք քննարկել առանց մեծ ծախսերի եւ ջանքերի նշված կոթողների դեպքում պատմական արդարությունն ու բարոյական մեր պարտքը վերականգնելու մի շարք տարբերակներ։ Մասնավորապես, Անգլիական այգում բավական կլինի ապամոնտաժել երկաթե երկու երկլեզու սալիքները, տեղափոխելով դրանք Պատմության թանգարան, իսկ դրանց փոխարեն տեղավորել Սարդարապատի հերոսների հիշատակը հավերժացնող գրություն։ Կարելի է նաեւ զարդարել կոթողի գագաթը հերոսական ճակատամարտի խորհրդանիշ դարձած արծիվի մետաղե արձանով։ Այսպես են պաշտպանում, պահպանում եւ վերականգնում պատմական հիշողությունը, հարգելի Ա․Վարդանյան, այլ ոչ թե ազգի ստրկությունն ու նվաստացումը հավերժացնող ստերով։
Իսկ քաղաքաշինության մասին 2004 թ․ կառավարության որոշումներին Ձեր հղումները պարզապես զավեշտալի են։ Արդյոք դա հենց այն շրջանը չէ՞, երբ նաեւ նախկին քաղաքապետարանի լուռ համաձայնությամբ եւ գործուն մասնակցությամբ ապականվում էր Երեւանի պատմական դեմքը, ոչնչացվում էին կենտրոնի ամբողջական թաղամասեր, քանդվում էին պետության կողմից պաշտպանվող հուշարձանները․․․

Մեր նամակին տրված Ձեր պաշտոնական պատասխանը խիստ անբավարար է եւ խնդրահարույց։ Մենք կրկին բարձրացնելու ենք այս եւ նման շատ այլ հարցեր Երեւանի նոր քաղաքապետ պարոն Մարությանի եւ Երեւանի նոր գլխավոր ճարտարապետ պարոն Մեսչյանի առջեւ։ Ազգի ազատությունն ու անկախությունն անհանար են առանց պատմական արդարության վերականգնման»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: