Շտապ. Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի եղբորորդուն

Dec 16, 2018 Comments Off on Շտապ. Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի եղբորորդուն

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով իր կամքին հակառակ, այնուհետև տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, որտեղ էլ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Հ. Խմելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ծեծի ժամանակ նրանցից մեկը, ում անունը Գոռ է, ատրճանակով, իսկ մյուսը, ում անունը Կարեն է՝ դանակով, սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչի, 28-ամյա Արմեն Մկրտչյանը:

Անձի առևանգման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործը Արաբկիրի ոստիկանության բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Անձի առևանգման կասկածանքով Արաբկիրի ոստիկանների կողմից հայտնաբերված Ս. Մկրտչյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մկրտչյանն ու Կ. Ջումայանը տեղափոխվել են Արաբկիրի քննչական բաժին:

Սկզբնաղբյուրը հայտնում է նաև, որ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, ով մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա, և այդ գործը կապված է Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 19-ամյա քաղաքացուն հրազենային վնասվածքներ պատճառելու հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: